Ադրբեջանի ՊՆ․ ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» է

0
294

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի «միակողմանի հայտարարության համար, որը չի արտացոլում իրականությունը»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 25-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տեղամասերում դիրքերը ճշտվում են։ Սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական զինված խմբավորումների անդամները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Միջոցառումների արդյունքում զինված խմբավորումների անդամները ստիպված են եղել հետ քաշվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է ՝ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ։

«Ցավոք, սույն հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Ադրբեջանի տարածքից հայկական բանակի մնացորդների և անօրինական հայկական զինված խմբավորումների ամբողջական դուրսբերում դեռևս չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում նշել են՝ «ՌԴ ՊՆ այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և երկու երկրների միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»։

«Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում ՌԴ ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական զինված խմբավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից՝ համապատասխան եռակողմ հայտարարության դրույթների, եւ խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը եւ ճիշտ անվանել Ադրբեջանի տարածքները»,- ասված է հաղորդագրության մեջ։