Այլևս Ստեփանակերտ հասնել պետք չէ․ Թումո տուփեր են բացվել Ասկերանում և Մարտունիում

0
773
Այն ժամանակը, որը երեխան Արցախում ստիպված էր ծախսել իր բնակավայրից Ստեփանակերտ հասնելու համար, հիմա կարող է ծախսել գիտելիք ստանալու համար։
Հունիսի 5-ին, «Թումո Հայաստան» Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնությանը միացած բարերարների և ԱՀ Կառավարության ջանքերով Մարտունի և Ասկերան քաղաքներում տեղադրվել են Թումո տուփեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը ոգևորությամբ նշեց, որ դասերը մեկնարկելու են հուլիսի 1-ից, ունեն դասընթացավարներ, իսկ Թումո տուփը շաբաթական 320 աշակերտի կարող է 14 ոլորտներից գիտելիքներ մատուցել:
«Հիմնական թիրախային նպատակը Թումոն հասանելի դարձնելն է Հայաստանի և Արցախի` 12-18 տարեկան երիտասարդների համար: Շատ ուրախ և հպարտ եմ, որ մեր ցանկությունն իրականացավ, և, վերջապես, Արցախի բոլոր շրջաններում կունենանք Թումո տուփեր: Շրջաններում տուփերի տեղադրումը հասանելության և մաչելիության համար է: Եթե մինչև Թումո տուփերի բացումը երեխաները ստիպված էին 40 րոպե կորցնել և հասնել Ստեփանակերտ, հիմա հնարավորություն ունեն գալ այստեղ և այս 40 րոպեն օգտագործել գիտելիքի համար: Մեծահասակների համար էլ կան տարբեր դաստիարակչական և կրթական ծրագրեր: Միակ խնդիրը տրանսպորտն է, փորձելու ենք դա էլ լուծել, որպեսզի ամենափոքր գյուղից էլ կարողանան գալ Թումո»,- նշել է Մարի Լու Փափազյանը:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ շուտով Թումո տուփեր կբացվեն Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Մարտակերտի շրջանի Գետավան համայնքներում:
«Կառավարության համար շատ կարևոր է թե՛ կրթության ոլորտը, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, և Թումո տուփերի տեղադրումը վառ օրինակն է, որ մենք փորձում ենք կրթությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները իրար հետ միացնել: Մենք նպատակ ունենք գոնե շրջկենտրոնների և հարակից գյուղերի երեխաների համար հասանելի դարձնել Թումոյի կրթությունը»,- նշել է Ա. Բեգլարյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով` Արցախն ունի նորարար տեխնոլոգիաներին տիրապետող, խելացի երիտասարդների անհրաժեշտություն։ Այդ իսկ պատճառով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Արցախում առաջնային տեղում է:
«Կրթության բաղկացուցիչ մասն է համարվում արտադպրոցական դաստիարակությունը, և, ըստ այդմ, այսօր Թումո տթրփերի բացումը ,հնարավութություն կտա երեխաները պետք է ավելի շատ գիտելիքներ ունենան և հմտանան տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով»,-նշել է նախարարը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: