ԵԽԽՎ համազեկուցողները Ադրբեջանին կոչ են անում հետ քաշել զորքերը, ազատ արձակել գերիներին

0
91

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նշել են, որ անհանգստացած են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին ստացվող բազմաթիվ հաղորդումներով:

«Մինչ երկու կողմերը մեկը մյուսին են մեղադրում ռազմական գործողությունները վերսկսելու համար, Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը ըստ Եվրոպայի խորհրդի ստատուտի», – ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:

«Հետևաբար՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետ քաշել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր մասերից և ազատ արձակել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին», – հայտարարում են ֆինն և շվեդ խորհրդարանականները՝ ընդգծելով հակամարտությունը դիվանագիտական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու ժողովուրդների: