Երևանում կայացավ Գուրգեն Յանիկյանի երկու գրքերի շնորհանդեսը

0
1142

Հուլիսի 8-ի հետմիջօրեին, Երեւանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում կայացավ ազգային հերոս, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հոգեւոր հայր Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» եւ «Մայրը» գրքերի շնորհանդեսը:

Այն գրադարանի տնօրենության գործակցությամբ կազմակերպել էր Հայկական Ժողովրդային Շարժումի Հայաստանի գրասենյակը: Պսակաձեւ ժահրի եւ 44-օրյապատերազմի պատճառով շնորհանդեսը տեղի ունեցավ գրեթե երկու տարվա ուշացումով:

 

Միջոցառումն սկսավ ՀՀ օրհներգով: Հաջորդեց տեսանյութ՝ բանտից Յանիկյանի պատգամը՝ ուղեկցված նրա կյանքի տարբեր հանգրվաններից առնված լուսանկարներով: Գրքերի բովանդակության եւ 1973 թ. հունվարին 27-ին Յանիկյանի իրագործած սխրանքի պատմական եւ այժմեական նշանակության մասին ելույթ ունեցավ պատմաբան Գեւորգ Յազըճյանը:

Պ. գ. թ. Արմեն Կարապետյանը զարգացնելով իր գործընկերոջ խոհերը, անդրադարձավ սփյուռքահայ երիտասարդության վրա Յանիկյանի գործողության թողած վիթխարի ազդեցության մասին: Նա շեշտեց, որ թուրքերի հետ ստիպողական հարեւանությունը բնավ չի նշանակում եւ չպետք է լինի նրանց հետ բարեկամություն:

ՀԺՇ-ին զորակցող երիտասարդության անունից Յանիկյանի արարքի ուղենշային նշանակության մասին խոսեց Մերի Գեւորգյանը: Իր խոսքի ընթացքում հայտնապես հուզված էր գրադարանի տնօրենուհի տիկին Հասմիկ Կարապետյանը: Նա կարեւորեց հզոր պետության անհրաժեշտությունը մեր ազգային երազանքների իրականացման համար, բոլորին կոչ անելով աշխատել անձնվիրաբար եւ նպատակասլաց՝ այդպիսի պետություն ունենալու համար:

Միջոցառմանը առանձին փայլ հաղորդեց երգիչ, երգահան, առակագիր Արսեն Համբարյանը՝ Սարդարապատի հերոսամարտին, ՀԱՀԳԲ-ին եւ ամբողջական Հայաստան/Հայքին նվիրված իր երգերի հիանալի կատարումներով:

Հանդիսությունը հմտորեն վարեց ու Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» գրքից պարբերաբար հատվածներ ընթերցեց վաստակաշատ դերասանուհի տիկին Գայանե Սամուելյանը:

Շնորհանդեսը վերջ գտավ ազգային-հայրենասիրական երգերի հավաքական երգեցողությամբ: