Թուրքիայի պետհամալսարանի պրոֆեսորը հրապարակել է «Մեծ Հայքի» և «Փոքր Հայքի» քարտեզը

0
299

Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի թուրք պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor):

 

Հետաքրքրական է, որ Իփլիքչիօղլուի ֆեյսբուքյան ետնանկարում տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը:

 

Ermenihaber.am-ի հաղորդման համաձայն թուրք պրոֆեսորի կողմից հիշյալ քարտեզի անկաշկանդ հրապարակումն արվել է Հելլենիզմի ժամանակաշրջանի և Հռոմեական կայսրության թեմաներին անդրադառնալու շրջանակներում: Այդուհանդերձ Մեծ և Փոքր Հայքերը ներառող քարտեզի հրապարակումը թուրք պրոֆեսորից պիտի որ պահանջեր մասնագիտական խիզախություն։ Որովհետև ինչպես արդեն գիտենք անցյալի փորձից, Թուրքիայում լայն հասարակությունը, հատկապես ազգայնական շրջանակներն ու նույն հոսանքի մամուլը բավականին զգայուն են նմանատիպ դեպքերի նկատմամբ։ Պատմական Հայաստանի տարածքների հանդեպ ցավագին և ագրեսիվ ընկալումները Թուրքիայում դրսևորվում են հաճախակի։

Վերջերս նաև աղմուկ էր բարձրացվել «Netflix» ընկերության պատմական ժանրի սերիալում օգտագործված քարտեզի պատճառով, որտեղ «ARMENIA» բառը ներկայացված էր ներկայիս Թուրքիայի վարչական տարածքի արևելքում։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Facebook-ում շուրջ 5000 հետևորդ ունեցող թուրք պրոֆեսորի հրապարակած քարտեզն առ այս պահը չի առաջացրել քննադատական արձագանքներ: Ավելին՝ նրա գրառումն ու կից քարտեզը տարածվել են նաև սոցցանցային այլ հարթակներում և մասնագիտական խմբերում, արժանացել հավանումների և դրական ռեակցիաների։