Ինչ-որ վտանգ կա, որ Ամերիկան նման հայտարարություն է անում․ թուրքագետ Հակոբ Չաքրյան

0
285

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ակնարկել է, որ հնարավոր է հայ-թուրքական սահմանի վերասահմանագծում իրականացվի: Նա նշել է, որ սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է եղել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

Այս թարգմանության մեջ անճշտություն կա: Իրատեսական չէ, որ Չավուշօղլուն վեր կենա, նման հայտարարություն անի: Թուրքիայի ձեռքին ճար լինի, ամբողջ Հայաստանը կվերացնի: Պուտինի «շնորհիվ», Թուրքիան եկավ մասնակցեց ղարաբաղյան պատերազմին, նաև Պուտինի թողտվությամբ կարողացավ ներգրավվել վարձկան ահաբեկիչների՝ Սիրիայից: Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատմանը, իրավիճակը որոշակի փոխվել է: Օրինակ, Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելը, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կազմակերպեց, որը նշանակում է, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նախաձեռնությունը, որը ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ տրվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին, և այդ որոշման տակ ՌԴ-ն էլ էր ստորագրել, Արևմուտքը վերցնում է իր ձեռքը: Պուտինը փաստի առաջ կանգնեցրեց աշխարհին՝ 44-օրյա պատերազմ սանձազերծելով մեր դեմ, բայց հիմա նրանք վերադառնալու են, ուղղակի ռուս-ուկրաինական պատերազմը հետաձգեց դա, կամ երկրորդ պլան մղեց: Եթե Ուկրաինայում Պուտինը կատարյալ ջախջախվի, հաղթանակի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Պուտինը 72 ժամ էր նախատեսել իր հաղթանակի համար, իսկ շուտով 72 օրը կլրանա, և դիմադրությունն էլ հետզհետե ուժեղանում է, միայն ավերում է քաղաքներն ու խաղաղ բնակչությանն է սպանում, ապա Արևմուտքի վերադարձը ավելի արագ տեղի կունենա:

Մյուս կողմից Հայաստանի ԱԳ նախարարը մեկնել է ԱՄՆ, իսկ Բլինքենը օրերս հայտարարություն էր արել, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսի: Ուրեմն ինչ-որ վտանգ կա, որ Ամերիկան նման հայտարարություն է անում: Ամերիկացիները հետախուզություն ունեն, արբանյակով հետևում են: Հետևաբար, պետք է սպասել, տեսնել, թե Միրզոյան-Բլինքեն հանդիպումն ի՞նչ կտա: Անկախ ամեն ինչից, այդ հանդիպումը ողջունելի է, որովհետև դա գոնե ինչ-որ տեղ Մոսկվային ցույց է տալիս, որ Հայաստանն այնքան էլ անտեր չէ: Այսինքն՝ Պուտինը, որ իր քմահաճույքով ինչ ուզել, արել է, սրանից հետո չի անելու:

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների 3-րդ հանդիպումը նորից Վիեննայում է լինելու: Ի՞նչ ակնկալել երրորդ հանդիպումից:

Թուրքերը գրել էին, որ Հայաստանն է այդպես պնդել: Առաջին հանդիպումից հետո կողմերն ընդհանուր հայտարարություն էին ստորագրել, որտեղ գրված էր, որ հետայսու բոլոր հանդիպումները անցկացնել Երևանում և Անկարայում: Հայկական կողմն ինչո՞ւ  պետք է պնդի, որ Վիեննայում անցկացվի: Ամենայն հավանականությամբ, քանի որ Մոսկվան չի կարող բոլոր հանդիպումները կազմակերպել Մոսկվայում, իսկ եթե հանդիպումները Երևանում և Անկարայում անցկացվեն, դրանք վերահսկելը ավելի դժվար կլինի, քան եթե Վիեննայում լինի: Տրամաբանական է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերաբերում է երկու երկրներին: Ռուսաստանը դաշնակից է, թե ոչ, ինքը երրորդ երկիր է, ինչո՞ւ պետք է խառնվի: Մոսկվայում առաջին հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ռուդենկոն զանգահարել էր Ռուբեն Ռուբինյանին: Իհարկե, չգիտենք՝ ինչ են խոսել, բայց նման զանգը ինչ-որ նպատակ պետք է ունենա, հավանաբար, ինչ-որ բան կարգադրել է: Սովորաբար, երբ Ռուսաստանը Թուրքիայի հետ քաղաքական սակարկությունների մեջ է մտնում, մի բան տալուց մի բան էլ պետք է ստանա: Այսինքն՝ ստացող կողմը որոշ զիջումներ էլ պետք է անի, իսկ այդ զիջումները  միշտ ի վնաս Հայաստանի են կատարվում, հայ ժողովրդի հաշվին են լինում:

Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների այս երրորդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկա՞ն:

Այդ հանդիպումները, բանակցությունները, հիմնականում խնդիրը ոչ այնքան բանակցությունների նպատակամղվածությունն է, որ որքան այդ բանակցությունների նախաձեռնության շուրջ ծավալվող Ռուսաստան-ԱՄՆ մրցապայքարը: Եվ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի համար կարևորը նախաձեռնության շուրջ ծավալվող  մրցապայքարն է: Ռուսաստանը կուզենար, որ դրանք իր նախաձեռնությամբ ընթանան, որպեսզի Հարավային Կովկասի հետ ունեցած իր առնչությունները, որը Մոսկվան համարում է ռուսական ազդեցության տարածք, չսահմանափակվեն: Այսինքն Ռուսաստանն ի վիճակի լինել ասելու՝ ես դեռ կամ, վերահսկում եմ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Իսկ դուրս մղվելու դեպքում, փաստորեն, միջամտելու եզրերն են թուլանում: Մանավանդ, որ եթե Ուկրաինայում պատերազմը Մոսկվայի համար անցանկալի արդյունք ունենա, նր առաջև կախվելու է Հարավային Կովկասից հեռանալու սպառնալիքը: Համենայնդեպս, ես հույս ունեմ, որ կպարտվի Ռուսաստանը: Արդեն իսկ պարտվել է, որովհետև միայն քաղաքներն են ավիրել ու մարդկանց են սպանել, իսկ ռազմական հաջողություններ չունեն: Հիմա արդեն Մոսկվայում մտածում են ոչ թե ամբողջ Ուկրաինան գրավելու, այս պատերազմից պատվով դուրս գալու, կամ խայտառակ չլինելու մասին: Բայց արդեն խայտառակվել է, որովհետև եթե մի երկրի ղեկավարին համարում են պատերազմի հանցագործ կամ մեղադրում են մարդկության դեմ հանցագործություն, ցեղասպանություն իրագործելու մեջ: Ի վերջո ռուս ժողովուրդն է ոտքի կանգնելու՝ Խաբարովսկից մինչև մոսկվա: Հարյուրավոր քաղաքներում ցուցարարները Պուտին էին հայհոյում: 1991-ից այս կողմ ես չէի տեսել, որ մի ամբողջ ժողովուրդ երկրի գրեթե բոլոր քաղաքներում ոտքի կանգնեն և բացականչելով հայհոյեն երկրի ղեկավարին: Ես նաև չէի տեսել, որ ԱՄՆ նախագահը վեր կենա և ԽՍՀՄ որևէ ղեկավարի կամ ՌԴ նախորդ ղեկավարին մարդասպան ու մսագործ անվանի: Սա իսկապես խայտառակություն է: Էլ չեմ խոսում այն մասին, որ ռուս օլիգարխները իրար հետևից «ինքնասպան» են լինում: Ռուս-ուկրաինական պատերազմի օրերին 6 օլիգարխ ըստ Կրեմլի տվյալների, ինքնասպան է եղել: Նրանք, չգիտես ինչու, սպանել են իրենց կանանց, երեխաներին, հետո են ինքնասպան եղել:

Ի՞նչ արդյունք կարող են տալ այս բանակցությունները:

Սա միջազգային նախաձեռնություն է՝ անկախ մրցակցությունից: Ռուսաստանը շահագրգիռ էր այս գործընթացն իր շահերին ծառայեցնելու հարցում: Իսկ ԱՄՆ-ին էլ հետաքրքրում է Ռուսաստանին դուրս մղելը Կովկասից, հետևաբար, պետք է չընդհատել այս բանակցությունները, բայց այնպիսի հունով տանել, որ առայժմ արդյունքի չհասնեն: Մինչև այդ Ռուսաստան-ԱՄՆ մրցակցությունը որևէ մեկի հաղթանակով չավարտվի, այդ բանակցությունները որևէ արդյունք չի հանգեցնելու: Հետևաբար, պետք է առայժմ սպասել, որևէ պարտավորեցնող հայտարարություն չանել, ինչպես Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում մի քանի անգամ արել էր, չշոշափել այդ հանդիպումներում Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցեր: Դրա ժամանակը չի դեռ, մանավանդ, որ մենք սահմանները ոտնահարված են: Հետո, եթե այդպիսի հարց թուրքական կողմը բարձրացնի, պետք է նրան հիշեցնել, որ մենք դեռ ռազմագերիներ ունենք, չենք կարողանում ռազմագերիներին ստանալ, ի՞նչ սահմանազատման մասին է խոսքը: Խախտվել է մեր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը չի վերադարձել ելման կետ, անհետ կորածների թիվն էլ հայտնի չէ: Հետո էլ պետք է ասել, որ սա երկկողմ հարաբերություն է, մեր երկուսին է վերաբերում, ադրբեջանցիները ձեր եղբայրներն են, թե ոչ, միջազգային իրավունքի նորմերում «եղբայրական երկիր» հասկացություն գոյություն չունի, նրանք երրորդ երկիր են համարվում: Եթե ուզում են բանակցել, պետք է մեզ հետ բանակցել: Ասում են՝ Ադրբեջանը պետք է տեղեկացված լինի, նրա համակարգմամբ պետք է ընթանան բանակցությունները: Ինչո՞ւ պետք է այդպես ընթանա: Մենք հիմա Թուրքիայի հետ ենք բանակցո՞ւմ, թե պետք է նաև Ադրբեջանի քմահաճույքներին ենթարկվենք: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ի՞նչ գործ ունի Ադրբեջանի հետ սահմանազատումը: Դա արդեն նախապայման է դառնում Թուրքիայի կողմից, մինչդեռ ստորագրված փաստաթղթում գրված էր՝ առանց որևէ նախապայմանի: Իրենք լավ գիտեմ, որ եթե Արևմուտքն իր ձեռքը վերցնի նախաձեռնությունը, Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը չեն թողնի ստորագրվի: Որովհետև ժամանակին Վաշինգտոնը Մոսկվայից պահանջել էր 1920-1922 թվականների հայ-ադրբեջանական ռազմական սահմանի քարտեզները: