«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը
-Պարոն Քեշիշյան, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը հայտարարել է, որ մինչև 2022 թ. տարեվերջ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կկքնվի: Որոշվել է արագացնել ապրանքների ցուցակը կազմելու գործընթացը: Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը սերտացնելու Իրանի պատրաստակամությունը, և որքանով է այդ գործընթացն արագանում ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին:
-Ինչպես գիտեք, Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը նոր չէ, արդեն մի քանի տարի է՝ դրա մասին խոսվում է: Նախնական քննարկումներ եղել են: Փաստորեն, ազատ առևտրի պարագայում այդ համագործակցությունն արդեն գործնական է դառնում: Իրանը արդեն ցանկություն հայտնել էր ԵԱՏՄ-ի մեջ դերակատարություն ունենալ և հիմա պրոցեսը կա: Այնպես չէ, որ այս գործընթացը կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ, բայց այնուամենայնիվ այդ պատերազմը կօգնի արագացնել այն՝ նկատի ունենալով Ռուսաստանի նոր պայմանները, սահմանափակումների ու պատժամիջոցների հանգամանքը: Այս ֆոնին, բնականաբար, երկուստեք կցանկանան արագացնել համագործակցության գործընթացը: Հայկական կողմի համար այստեղ կարևորն այն է, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ: Փաստորեն այդ փոքրիկ սահմանը մեծ դեր կարող է խաղալ, եթե մենք ճիշտ ուղղությամբ շարժվենք: Մանավանդ ադրբեջանական վերջին խաղերի, հակահայկական, հակաարցախյան իրենց գործունեության, հրահրումների, սադրանքների ֆոնին ավելի կսերտանան հայ-իրանական հարաբերությունները: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների սերտացումը շատ-շատ կարևոր է, քաղաքական առումով համագործակցության հնարավորությունները միշտ էլ եղել են, դրանք այսօր պետք է ավելի խորացնել: Իրանի կողմից Հայաստանի սահմանները կարմիր գիծ հայտարարելը ևս օգնում է, որ հայ-իրանական հարաբերությունները տնտեսական ոլորտում էլ ավելի սերտանան, խորանան: Այդ հարաբերությունների սերտացումը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան համագործակցության տեսանկյունից բնականաբար, կազդի նաև հայկական սահմանների անվտանգության առումով:
-Պարոն Քեշիշյան, քննարկվել է նաև Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործարկման հարցը: Փեյմանփաքը շեշտել է, որ Հյուսիս-հարավի շնորհիվ ԵԱՏՄ-ից Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը կկրճատվեն 30 տոկոսով: Սա ինչպե՞ս եք գնահատում, Հյուսիս-Հարավի գործնական նշանակությունն ինչպիսի՞ն կլինի:
-Հյուսիս-Հարավի հետ կապված երկու հարց կա. մեկը Հայաստանի տարածքում ճանապարհի կառուցման մասին է, մյուսը Իրանի նավահանգստային քաղաքներից մինչև Հայաստանի սահման ճանապարհի մասին: Եթե այս երկուսը միասին ենք դիտարկում, այդ դեպքում ավելի ամբողջական է դառնում խնդիրը: Այսինքն հարցը ոչ միայն Հայաստանում Հյուսիս-Հարավ ճանապարհն է, այլև Իրանի ամենահարավային կետից սկսած մինչև Հայաստանի սահման ճանապարհի մասին է: Դա նկատի ունենալով, այդ ճանապարհը օգնելու է, որ բեռնափոխադրումների ծախսերը նվազեն: Այստեղ գլխավորն այն է, որ հայկական կողմն այս ուղղությամբ արագ շարժվի, որովհետև Իրանն արդեն իսկ ճանապարհների մեծ մասն ունի: Այս ճանապարհի առկայության դեպքում Հայաստանը օգուտ կքաղի թե տնտեսության առումով, թե անվտանգության առումով:
-Եթե տարեվերջին Իրանը դառնա ԵԱՏՄ անդամ, դա տարիների աշխատանքի արդյունք կարող ենք դիտարկե՞լ:
-Այո, որովհետև սա նոր բան չէ, պայմանավորվածությունները քննարկվել են վաղուց: Պարզապես հիմա այդ գործընթացն իրական ու գործնական դաշտ է մտնում: Եթե հիշում եք, Իրանի թե նախկին, թե նոր նախագահները որպես դիտորդ մասնակից են եղել ԵԱՏՄ-ում: Այսինքն վաղուցվանից Իրանը ԵԱՏՄ գործընկերն է, և հիմա վստահաբար, կարող ենք պնդել, որ սա բխում է թե Իրանի շահերից, թե Հայաստանի շահերից, թե Ռուսաստանի շահերից, հատկապես այսօր:
-Այսինքն` նաև Ռուսաստանի համար է շահավետ տնտեսական, առևտրային հարաբերությունները սերտացնել Իրանի հետ՝ հաշվի առնելով այն պատժամիջոցները, որի տակ հայտնվել է Ռուսաստանը:
-Այո’, բնականաբար, Ռուսաստանին սա ձեռնտու է, քանի որ սա նաև պատժամիջոցներից խուսափելու ճանապարհ է: Ռուսաստանը երկու այդպիսի ճանապարհ ունի՝ դեպի Չինաստան և դեպի Իրան: Երկուսն էլ կարևոր երկրներ են և նրանց ինքը չի կարող աչքաթող անել: Եթե անցյալում ռուսներն այլ մոտեցումներով էին նայում Իրանին, միջուկային գործընթացներում իրենց դերակատարությամբ դրական կամ բացասական մանևրներ էին անում, այսօր իրենց ավելի շատ է ձեռնտու այս հարաբերությունների աշխուժացումը: Իրենք հիմա պետք է գործնական քայլեր անել այդ ուղղությամբ, որ կարողանան արդյունքներ ունենալ:
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան