Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը

0
620

Քոքոբելյանի հոր աչքերը կապել են, հյուրատուն են տարել. 5 օր անց նրան թողել են անտառում։

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ իր 83–ամյա հոր առևանգման փաստի շրջանակներում ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի´ քաղաքացիներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:

Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»:

Քննչական կոմիտեն պարզել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքի հանգամանքները:
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավորի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան»,–ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը:

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ առեվանգողները կապ են հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։

Ոստիկանության հայտարարության համաձայն, ձերբակալվել է նաև 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նա և Սուրեն Մանուկյանը հայտնաբերվել և ձերբակալվել են։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ դաշնակցական Սուրեն Մանուկյանը Գրիշա Քոքոբելյանի ազատ արձակման համար բիթքոյնով 3 միլիոն դոլար է պահանջել: