«Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը, որի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» է, որը պատմում է եվրոպացի հինգ մեծ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիների մասին։
Այն էկրան է բարձրացել 2015 թվականի ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով և առ այսօր ցուցադրվել է արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում և համացանցում:
ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է:
«Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է, իսկ «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում է փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորներ: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը:
Ֆիլմի ընթացքում ցեղասպանության մասին պատմում է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը: Նա և անկախ հետազոտողներ, ուսումնասիրելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուքիայում ծրագրված և իրագործված ցեղասպանությունները, ներկայացնում են ԱՄՆ-ի հումանիտար օգնության մասին հետաքրքիր տեղեկություններ:
Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ՝ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ:
Վավերագրական դրաման նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում:
68 րոպե տևողությամբ ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերեն է, թարգմանվել է հայերեն:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների երախտագիտության արտահայտումն է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին:
Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշենը»: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի կառավարությունը՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի միջոցով:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում: