ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով․ նախագիծ

0
92

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է․ Քրեական օրենսգրքում հատուկ քրեաիրավական պաշտպանություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար՝ պատասխանատվություն նախատեսելով այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են տարածքային ամբողջականությունը խախտելուն, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն:

Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն:

Վերոշարադրվածից հետեւում է, որ գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն ՀՀ ինքնիշխանության՝ որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված պետության կարեւորագույն սահմանադրաիրավական բնութագրիչի գործողությունը փաստացի դադարեցնելու համար: Իսկ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։

Օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է ՔՕ 421-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:

Հարկ է անդրադառնալ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված՝ այլ երկրների համեմատական փորձին, որի ուսումնասիրությունը եւս ցույց է տալիս, որ եվրոպական պետությունների քրեական օրենսգրքերում առանձին պատասխանատվություն է նախատեսված պետության ինքնիշխանության դեմ ուղղված բռնի գործողությունների եւ դրանց հրապարակային կոչերի համար:

Մասնավորապես Գերմանիայում քրեական պատասխանատվություն է սահմանված ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական գոյությունը խաթարում կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի վրա հիմնված սահմանադրական կարգի փոփոխություն ձեռնարկելու համար:

Լիտվայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն անձի համար, ով հրապարակայնորեն կոչ է արել բռնությամբ խախտել Լիտվայի Հանրապետության ինքնիշխանությունը՝ փոխել սահմանադրական կարգը, տապալել օրինական իշխանությունը, ոտնձգել նրա անկախությունը կամ խախտել տարածքի ամբողջականությունը, ստեղծել զինված խմբավորումներ այդ նպատակների համար կամ սույն գլխով նախատեսված այլ հանցագործություններ կատարել, որոնք հարձակում են Լիտվայի պետության վրա։

Էստոնիայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում այնպիսի գործունեության համար, որն ուղղված է Էստոնիայի Հանրապետության անկախության, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության բռնի խախտմանը, իշխանության բռնազավթմանը կամ ցանկացած այլ եղանակով Էստոնիայի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը:

Սլովակիայում քրեական պատասխանատվություն է սահմանվում բռնություն գործադրելով կամ բռնության սպառնալիքով սահմանադրական կարգը փոխել, Սլովակիայի Հանրապետության ինքնավարությունը կամ ինքնիշխանությունը խախտել, Սլովակիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտել փորձելու համար։

Հեղինակավոր միջազգային փաստաթղթերում, կարդում ենք նախագծի հիմնավորման մեջ, եւ ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության նպատակով խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը եւ պատասխանատվության սահմանումն ինքնին իրավաչափ են համարվում, եթե կարծիքի արտահայտումը՝ հրապարակային կոչը, ելույթը, հոդվածը եւ կարծիքի արտահայտման այլ ձեւերը, ուղղված են բռնության հրահրմանը կամ դրա սպառնալիք են պարունակում: