Հայաստանը հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) առաջին օտարերկրյա գնորդն է:
Հնդկական India Today հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել հայ-հնդկական ռազմական գործարքի թեմայով՝ նշելով, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանին:
Հնդկական հեռուստաընկերությունը կարևոր հաջողություն է համարում Հայաստանի հետ գործարքը հնդկական ռազմարդյունաբերության համար: Վաճառված զինատեսակներից India Today-ն առաջին հերթին առանձնացրել է հնդկական արտադրության ռեակտիվ հրետանին՝ ընդգծելով, որ Հայաստանը «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդն է:
«Հնդկական զենքի արտահանումը տեղի է ունենում հայ-ադրբեջանական հակամարտության լույսի ներքո», – նկատել է հեռուստաալիքը:
Խոսելով «Պինակա»-ի տակտիկատեխնիկական բնութագրի մասին՝ հնդիկ հաղորդավարուհին նշում է, որ «Պինակա» ՀԿՌՀ-ն 44 վայրկանում կարող է 12 հրթիռ կրակել: «Պինակա»-ի հրթիռի հեռահարությունը 60 կիլոմետր է, հրթիռի երկարությունը 4950 մմ է, տրամաչափը՝ 214 մմ: «Պինակա»-ի նախագծումը սկսվել է 1981 թվականին, իսկ Հնդկաստանի զինված ուժերում այն սպառազինության է ընդունվել 1999 թվականին։
Ի դեպ, նշված ռեակտիվ համակարգերի անվանումն էլ խորհրդանշական իմաստ ունի: Ըստ հնդկական դիցաբանության՝ «Պինակա»-ն Շիվա աստծո երկնային աղեղն է:
Ավելի վաղ հնդկական The Economic Times օրաթերթը հաղորդել էր, որ Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր և զինամթերք կմատակարարի Հայաստանին: Նշվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ըստ հնդկական օրաթերթի՝ ստորագրված գործարքների արժեքը կազմում է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար:
Աղբյուրը՝