«Ճգնաժամից աղետ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը», (հունական վերլուծական գործակալություն ΠΡΩΤΟ ΘΕΜΑ)

0
386
Հունաստանի protothema.gr (Առաջին Թեմա) հայտնի լրատվական վերլուծական գործակալությունը հրապարակել է Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների անկախ վերլուծական կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հոդվածը Լաչինի միջանցքում առկա ներկայիս իրավիճակի վերաբերյալ:
Το γνωστό ελληνικό ειδησεογραφικό και αναλυτικό πρακτορείο Protothema.gr δημοσίευσε το άρθρο του Richard Kirakosyan, διευθυντή του ανεξάρτητου αναλυτικού Κέντρου Περιφερειακών Μελετών του Ερεβάν (RSC), σχετικά με την τρέχουσα κατάσταση στον Διάδρομο Λατσίν.
armenia
«Ճգնաժամից աղետ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ողբերգական է, անհուսալի և ճգնաժամից վերածվել է աղետի։ 2022 թվականի դեկտեմբերից առերեսվելով Ադրբեջանի կողմից պարտադրված շրջափակմանը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված է պայքար մղել առաջին անհրաժեշտության մթերքների, կենսական նշանակության դեղամիջոցների և այլ անհրաժեշտ պարագաների սղության դեմ։ Կենսական պայմանների վատթարացման մասին հաղորդագրությունները, սովի և թերսնման հետևանքով առաջին մահվան դեպքի արձանագրումը վկայում են, որ առաջիկա օրերը և շաբաթները կլինեն կրիտիկական:
Վտանգավոր այս իրավիճակի հրատապությունից դրդված՝ Հայաստանը կենտրոնացել է դիվանագիտության վրա՝ հետամուտ լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությանը և միջազգային հանրության ուժեղ արձագանքին:
Միևնույն ժամանակ, սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության մյուս պարագաների սղությունից զատ, պաշարման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սահմանափակվել է կենսական այնպիսի ծառայությունների գործունեությունը, ինչպիսիք են շտապօգնությունը, հրշեջ ծառայությունը, ոստիկանությունը։ Դադարել է նաև աղբահանությունը, ինչն իր հերթին մտահոգություն է առաջացնում ամառան տապին հանրային առողջությանը սպառնլիքի տեսանկյունից:
Ադրբեջանի ռազմավարությունը
Ավելի լայն տեսանկյունից՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայ բնակչության պաշարումը ոչ նորություն է, ոչ էլ աննախադեպ։ Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու Ադրբեջանի քաղաքականությունը չի սահմանափակվում միայն սննդի բացակայույթյունը որպես լծակ կիրառելով, այն զուգորդվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերական խափանումներով և Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։
Ադրբեջանի կողմից «պաշարման պատերազմին» ապավինելը հայ բնակչությանը տարածաշրջանից դուրս մղելու Ադրբեջանի ռազմավարության վերջին փուլն է։ Այս ռազմավարությունը մեծապես հաջողել է թե՛ Ադրբեջանի աճող ուժի, թե՛ Ռուսաստանի թուլության պատճառով։
Շուրջ 2000 ռուս խաղաղապահներ, որոնք տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերին՝ որպես ղարաբաղյան երկրորդ պատերազմը վերջ դրած փխրուն հրադադարի մի մաս, ի վիճակի չեն հախթահարել փակուղին և կյանքի կոչել հրադադարի պայմանները, ըստ որի պետք է երաշխավորվի Լաչինի միջանցքով ազատ և անարգել տեղաշարժը:
Փաստացիորեն հայերի հիասթափությունը ռուսական կողմի անգործությունից առաջացրել է ընկալում, որ Ռուսաստանը ևս մեղսակից է, ինչը վերջերս ակնհայտ դարձավ Ղարաբաղի հայերի կողմից իրականացված հուսահատ ակցիայի ընթացքում, երբ վերջիններս արգելափակել էին մուտքը դեպի ռուս խաղաղապահների կայան: Միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահների թուլությունը խրախուսում է Բաքվի կողմից իրավիճակի սրացումը: Խաղաղապահների կողմից ուժի կիրառումը սահմանափակվում է միայն տեղի հայ բնակչության նկատմամբ գործողություններով։ Այդպես եղավ օգոստոսի 16-ին, երբ ռուսական զրահափոխադրիչով բռնի կերպով հեռացվեցին ցուցարարները: Եվ սա ևս մեկ հաստատում է, որ ռուս «խաղաղարարները» չեն կարողանում որևէ կերպ «խաղաղության» զգացում ապահովել։
Բացահայտ մարտահրավեր նետելով Մոսկվային՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի՝ գործելու անկարողությունից։ Ռուսաստանի այս թուլությունը մեծապես պայմանավորված է Ուկրաինա ներխուժմամբ, ինչի արդյունքում Ռուսաստանը ճնշված է, դա իր հերթին առաջացնում է որոշակի «մեղսակցության» զգացում, որի հետևանքով ռուս խաղաղապահները չեն ցանկանում միջոցներ ձեռնարկել շրջափակման դեմ: Այս համատեքստում Ռուսաստանն այժմ լուրջ մարտահրավեր է դարձել Հայաստանի համար՝ որպես անվստահելի գործընկեր և անվտանգության երաշխավոր։ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակմանը հակազդելու կամքի բացակայությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը ձախողել է հրադադարի համաձայնագիրը պահպանելու իր հիմնարար պարտավորությունը։
Այսպիսով, դիվանագիտական բառապաշարով՝ Ադրբեջանը լիովին օգտվում է ստեղծված իրավիճակից՝ ավելացնելով ճնշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ադրբեջանի ռազմավարությունը ոչ միայն ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը չարաշահելն է կամ Հայաստանի վրա ճնշումն ավելացնելը, այլև համարձակ դիմադրությունը Ռուսաստանին: Ադրբեջանը հանդգնում է մարտահրավեր նետել Ռուսաստանին, և, գոտեպնդված Թուրքայի աջակցությամբ, Ադրբեջանի այս ռազմավարությունն առաջիկայում կշարունակվի:
Դիվանագիտության հեռանկարները
Հայաստանի կողմից մի շարք զիջումներից և փոխզիջումներից հետո հետպատերազմյան շրջանը քիչ է նպաստել անվտանգության ամրապնդմանը կամ կայունության հաստատմանը: Փաստորեն 2020 թվականի նոյեմբերին պատերազմի ավարտից ի վեր մի վտանգավոր նախադեպ է ստեղծվել: Այդ նախադեպի արմատը Հայաստանի պայքարո մղող ժողորդավարության նկատմամբ ավտորիտար Ադրբեջանի և Թուրքիայի թվացյալ հաղթանակն է, ինչը մտահոգություն է առաջացնում՝ որպես դիվանագիտության նկատմամբ զենքի ուժի ակնհայտ առավելություն: «Ուժն է ծնում իրավունքը» մոտեցումը խարխլում է եվրոպական արժեքները և, չվիճարկվելու պարագայում, հավակնում է օրինականացնել ուժի կիրառումը՝ առաջարկելով ռազմական լուծում էությամբ դիվանագիտական վեճին։
Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խաթարում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող դիվանագիտական ​​բանակցությունները։ Երկկողմ բանակցությունները միտված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծմանը։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե մինչև տարեվերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր, ցանկացած նման պայմանագիր կսահմանափակվի երկկողմ, միջպետական ​​հարաբերություններով՝ քիչ առնչություն ունենալով կարգավիճակի խնդրի հետ և չի պարունակի Լեռնային Ղարաբաղի անվտանգության որևէ պարտադիր տարր։
Մինչդեռ հիմնական հարցն այն է՝ ինչպիսի խաղաղություն է լինելու և ինչ պայմաններով: Հարկադրված դիվանագիտության և Ադրբեջանի առավելապաշտական ​​դիրքորոշումների վրա հիմնված «պատժիչ խաղաղության» ցանկացած հեռանկար որևէ վստահություն չի ներշնչում ապագա իրական խաղաղության նկատմամբ։ Լրացուցիչ մտահոգություն է առաջ բերում նաև վստահության բացակայությունն առ այն, որ Ադրբեջանը կպահպանի խաղաղության համաձայնագրի պայմանները, ինչն առավել մտահոգիչ է դարձնում ցանկացած խաղաղության պայմանագրի «ապագան»: Թերևս ավելին պետք է արվի Արևմուտքի կողմից՝ պայմանագրի ստորագրումից հետո կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Ապագա պայմանագրի յուրաքանչուր խախտում պետք է «պատժիչ արժեք» ունենա։
Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի առավելապաշտական ​​դիրքորոշումը
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետի և ագրեսիվ սպառնալիքների հիմքում ընկած դրդապատճառներն իրականում բխում են թուլությունից, այլ ոչ՝ ուժից, անապահովության զգացումից, ոչ թե վստահությունից: Ավելի հստակ՝ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը վտանգավոր թերի «հաղթանակ» էր Ադրբեջանի համար։ Չնայած Թուրքիայի աննախադեպ ուղղակի աջակցությանը Ադրբեջանը ռազմական տեսանկյունից վստահ հաղթանակ չգրանցեց։ Չհաջողելով ուժով վերանվաճել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանը հետևականորեն առաջնորդվում է լարվածությունը մեծացնելու ճանապարհով, որի նպատակը Հայաստանին սպառնալը և Ղարաբաղը մեկուսացնելն է:
Ադրբեջանի կողմից լարվածության աճը և առավելապաշտական դիրքորոշումը դրդված են ներքաղաքական կարևոր օրակարգից: Այդ է վկայում ադրբեջանական վարչակարգի բնույթը, ուր հայր-որդի Ալիևների դինաստիան կառավարում է ավելի քան քառորդ դար: Ժողովրդավարության բացակայությունից և արմատացած ընտանեկան կոռուպցիայից հանրային ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի ղեկավարությունը հետևում է թշնամու կարիք ունենալու դասական ավտորիտար մոդելին:
Լեգիտիմության ակնհայտ բացակայությունը միայն ավելի վտանգավոր է դարձնում Ադրբեջանին, իսկ զիջումների պահանջն՝ անհագ, ինչը ինքնին ցույց է տալիս, որ Ադրբեջանը հետպատերազմյան խաղաղության և կայունության առաջնային խոչընդոտն է։