Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Նյու Յորքում Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։
Շեշտելով, որ Ադրբեջանն իր նմանատիպ գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։
Հանդիպմանն ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում։