Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ, քննարկել իրավիճակը ԼՂ-ում

0
729

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ հանդիպմանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները:

ԱԳ նախարարը և դեսպանները հանդիպումներում անդրադարձ են նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ «ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային»։