Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բանկչության անվտանգությունը։
«Սա նաև ենթադրում է, որ շտապօգնությունն ու պարենային մատակարարումները ևս չեն կարող հասնել Լեռնային Ղարաբաղ։
Եթե այս իրադրությունը շարունակվի, ապա կհանգեցնի անխուսափելի հումանիտար աղետի՝ սարսափելի հետևանքներով։ Անընդունելի է, որ բնապահպանական գործողությունների քողի տակ ադրբեջանական կողմը ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, մասնավորապես դրանով ստանձնած իր պարտավորությունը՝ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների տեղաշարժը՝ երկու ուղղություններով»,- նշել են ԵԽ պատգամավորները։
Նրանք ընդգծել են, որ 2020 թվականի հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը տարատեսակ միջոցներով դժվարին պայմաններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար՝ չխորշելով կիրառել ռազմական սադրանքներ, հոգեբանական սպառնալիքներ, խաթարելով գազամատակարարումը ցրտաշունչ ձմեռվա պայմաններում։
Դիմելով Շառլ Միշելին ու Ժոզեպ Բորելին՝ պատգամավորները նշել են․ «Մենք կոչ ենք անում Եվրամիության անունից օգտագործել ձեր լիազորությունները՝ ձեռնարկելու հստակ քայլեր ու ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կողմից իրականացվող սպառնալիքի ու բռնության այս քաղաքականությունը շարունակվի»։