Տարոն Մարգարյանն և Գևորգ Կոստանյանն իրենց ունեցվածքի մի մասը ապօրինի են ձեռք բերել

0
253

Գլխավոր դատախազությունը ծանուցագրեր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետին ու Հայաստանի նախկին գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ իրենց ու իրենց հարազատներին պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրել են, կազմել են ամփոփագրեր։ Իրավապահները համարում են, որ Տարոն Մարգարյանն և Գևորգ Կոստանյանը իրենց ունեցվածքի մի մասը ապօրինի են ձեռք բերել։

Տարոն Մարգարյանի փաստաբանն ասում է՝ առանց դատախազության ուսումնասիրությանը ծանոթանալու էլ կարող են պնդել՝ իր վստահորդի գույքն ու եկամուտները օրինական են։

Դատախազությունը դեռևս չի հրապարակել ապօրինի որակված ունեցվածքի մանրամասները, դա սովորաբար արվում է հայցերը դատարան ուղարկելու ժամանակ։

44-ամյա Մարգարյանը որպես պատգամավոր անցած տարի հայտարարագրել է 1 շինություն Վայոց ձորի մարզում, 2007 թվականի արտադրության «Մերսեդես» ավտոմեքենա, 44 հազար դոլար, 45.000 եվրո, 420 հազար ռուբլի, 89 միլիոն դրամ։ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին 23 տարեկանից զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել 2018-ի հեղափոխությունից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի`դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, դպրոցներում ու մանկապարտեզներում տարածքներ է օտարել։

Տարոն Մարգարյանը մեղադրանքը չի ընդունում, նրա հետ մեղադրյալի աթոռին է կուսակցական ընկեր Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը։

2008-ի մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը արդեն երեք տարի հետախուզման մեջ է։

Կոստանյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ապացույցներ և փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու հոդվածներով։