Փաշինյան. ԼՂ շփման գծի անվտանգության համար պետք է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների մասին

0
190

Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն:

Այս մասին օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին:

«Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում  հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը: Հենց այդ տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ՌԴ  խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց այն մասին, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար:

«Եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատ օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են 2020 թվականի նոյեմբերից, ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծեմների հասնելու համար ու հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: