Ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունը. Շամխանի

0
438

Հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական և սահմանի վերաբացման վերաբերյալ հայ-թուրքական սպասվող պայմանավորվածությունների ֆոնին՝ Իրանը, վերստին, բարձր մակարդակով հայտարարում է՝ դեմ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությանը, իսկ ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունը:

Երևանում այս ուղերձները հնչեցրեց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ միևնույն ժամանակ, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ աջակցելու Հարավային Կովկասում երկարատև խաղաղությանը։

Շամխանիին ընդունել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինիս հետ հանդիպմանը, ըստ հայկական կողմի, «հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չահբահար նավահանգստի կարևորությունը, բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում»։