Ձեզ հանգիստ չի տալու այն, ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ կայացած հանդիպմանը. Բաբաջանյանը՝ Դաշնակցությանը

0
578

Պարզվում է պարսկալեզու դաշնակցական տելեգրամյան ալիքները արշավ են սկսել իմ դեմ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Վերջինս նկատել է, որ ձեռագիրը նույնն է՝ սովորության համաձայն՝ այս քաղաքական ուժը մատնագրերով է հանդես գալիս քաղաքական հակառակորդների դեմ, այս անգամ նաև բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների առջև:

«Մի կուսակցություն, որը սփյուռքյան իր ահռելի ներուժը, կարողությունները, ի սպաս հայրենի պետականության հզորացման ներդնելու փոխարեն, իր գոյության առնվազն վերջին երեսուն տարին՝ Հայաստանի անկախացումից ի վեր, միայն դժբախտություն, կորուստ, ահաբեկչություն և ցավ է պատճառել հայրենաբնակ մեր ժողովրդին:

 

Միևնույն է, հակառակ շատ-շատերի՝ ես հավատում եմ ՀՅԴ առողջացմանը, հավատում եմ, որ այդ կուսակցությունն ունի հզորագույն առաքելություն մեր ժողովրդի և պետության կյանքում:

Չգիտեմ՝ կտեսնե՞նք մենք այդ օրը, թե՞ ոչ, երբ այս կուսակցության սփյուռքյան հատվածի համար, ի նպաստ Հայաստանի, որևէ դրական քայլ անելու համար էական չի լինի, թե ո՞վ է Հայաստանում իշխանության գլուխ:

Կտեսնե՞նք արդյոք, որ ներհայաստանյան քաղաքական պայքարը չի կարող պատճառ լինել, որ Հայաստանից դուրս ՀՀ պաշտոնյաներին հետապնդելն ու անվանարկելը միայն դա անողների իրական բնույթն ու էությունն է նկարագրում:

2020թ. 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուներին հռչակել եք թուրք, դավաճան, դա կարող ենք մի կերպ հասկանալ: Բայց նույնքան դաժան՝ թուրք, սիոնիստ, մասոն ու քոռ էիք կոչում 90-ականների ողջ պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Հայաստանին հաղթանակ պարգևած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ձեր քաղաքական ընդդիմախոսներին՝ սփյուռքում և հայրենիքում, ոչ թե փորձել և փորձում եք հաղթել խոսքով, մտքով, քաղաքական ճանապարհով, ընտրություններում, այլ ծեծելով, ահաբեկելով և որ ամենաստորագույնն է՝ ընդհուպ գնդակահարել եք տվել ժողովրդի ընտրյալ առաջնորդներին հայրենի խորհրդարանում՝ հիմնահատակ ջախջախելով պետության ողնաշարը:

Ձեզ հետ անհամաձայն ժողովրդին դաժան հաշվեհարդարի մասնակից եք դարձել քանիցս՝ 2004-ի ապրիլին, 2008-ի մարտի 1-ին, հիմա էլ նրանք, ովքեր հրաժարվում են «փրկվել», ժեխ են, թուրք են, նիկոլ են:

Ահա այն ամենը և ոչ միայն, ինչ պետք է իմանալ հայ ժողովրդի ամենաավանդական քաղաքական ուժի մասին:

Այս գրառումը նորանոր հարձակումների առիթ է դառնալու: Կասկած չունեմ, որ ձեզ հանգիստ չի տալու այն ամենը, ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ դեռևս 2019-ին կայացած հանդիպմանը: Բայց տեղեկացնում եմ՝ իմ քաղաքական թիմի, համախոհների, գործընկերների հավաքական թիրախը հայրենասիրության քողի տակ թաքնվող տգիտությունն է, ազգագրական և հայրենասիրական երգերի ետևում թաքնված Հայաստանն առանց պետականության թողնելու քստմնելի մտադրություններն են:

Մեր պետության ներսում օտարահպատակ օրակարգերի սպասարկողների ջախջախումն է մեր թիրախը, մեր պետության ու պետականության թշնամի ուժերի՝ հավաքական հինգերորդ շարասյան ոչնչացումն է մեր իղձը, և այդ ճանապարհին մեր ձեռքի տակ բոլոր գործիքները, առանց խտրության, գործի ենք դնելու:

Չկասկածե՜ք»,- գրել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին և վերջինիս հետ ունեցել 2 ժամ տևողությամբ զրույց։