«Ընկեր Դեմիրճյան, եթե Թուրքիան դառնա դեմոկրատական սոցիալիստական պետություն, hայերի բացասական վերաբերմունքը կփոխվի՞ արդյոք». ինչ է պատասխանել Դեմիրճյանը Լիգաչովի այս հարցին

0
1581

«…Այցելեցինք Մեծ եղեռնի հուշարձան: Երբ հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո բարձրացանք վերև, Լիգաչովը դիտեց շրջապատը, տեսավ, որ իր հետ էին միայն Դեմիրճյանը և ես (մյուսները մի քիչ հետ էին մնացել), դիմեց նրան.

— Ընկեր Դեմիրճյան,- ասաց նա,— ենթադրենք, թե Թուրքիան ինչ-որ ժամանակ դառնա դեմոկրատական սոցիալիստական պետություն, Հայաստանի և հայերի բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ կփոխվի՞ արդյոք, թե՞ ոչ:

— Իհարկե, ոչ,- պատասխանեց Դեմիրճյանը:

— Ինչո՞ւ,- չհանգստացավ Լիգաչովը,- դուք, ի՞նչ է, նացիոնալի՞ստ եք:

Դեմիրճյանը շրջվեց դեպի Արարատ լեռը, որն այդ օրը շատ հստակ ու գեղեցիկ էր:

— Հայ մանուկները, երբ սկսում են ուսումնասիրել և ընկալել իրականությունը, իրենց ծնողներին, ուսուցիչներին հարց են տալիս, թե ինչո՞ւ չի կարելի մոտենալ այս` ամեն հային հոգեհարազատ Արարատ լեռանը: Նրանց բացատրում են: Բնականաբար, նրանց գիտակցության մեջ բողոք է առաջանում պատմական անարդարության և այն կատարած թուրքերի ու Թուրքիայի հանդեպ,- պատասխանեց Դեմիրճյանը:

— Ուրեմն այդ հարցը լուծում չունի՞,- հարցրեց Լիգաչովը:

— Ինչո՞ւ ոչ: Եթե Ձեզ նման, ենթադրենք, որ Թուրքիան ինչ-որ ժամանակ, ինչ-որ պայմաններից դրդված ընդունի ցեղասպանության փաստը, Հայաստանին վերադարձնի զավթած հողերը, ապա հայերը կաշխատեն մոռանալ ոչ միայն կրած տանջանքները և Եղեռնը, այլև կփոխեն իրենց բացասական վերաբերմունքը թուրքերի նկատմամբ: Մենք նացիոնալիստներ չենք, ընկեր Լիգաչով, մենք հայրենասերներ ենք…»:

Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Ներսիսյանի հուշերից