Նոյեմբերի 16-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանդինոս Գյուլեկասին:
Կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, միջխորհրդարանական դիվանագիտության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև բազմակողմ փոխշահավետ համագործակցությունը միջազգային հարթակներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, անդրադարձել առկա մարտահրավերներին և պայմանավորվել շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ:
Դեսպան Մկրտչյանը հույն պատգամավորին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումների և պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային բոլոր կառույցներում Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքների անթույլատրելիությունը դատապարտող կոչերի և կոնկրետ գործողությունների հրատապ անհրաժեշտությունը՝ դրանք ապագայում կանխելու նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` ավելի խորացնելու ու ապրապնդելու երկկողմ համագործակցության օրակարգը: Դեսպան Մկրտչյանը Կոստաս Գյուլեկասին է նվիրել Երեւանում լույս տեսած Հույների ցեղասպանության (1913-1922) վերաբերյալ ամերիկյան մամուլի հրապարակումների վերաբերյալ ժողովածուն (Արա Քեթիպեանի խմբագրությամբ), որի շնորհանդեսը կկազմակերպվի Աթենքում 2023 թ-ին։