Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի ունեցավ թուրք պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը:
Միջոցառմանը ներկա էին Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ներածական խոսքով հանդես եկավ քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Միխայիլ Ցինիսիազելիսը, ով կարևորեց պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանության պատճառներն ուսումնասիրելու տեսանկյունից, և շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը ընձեռած նման հնարավորության համար։
Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք հղեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով Աթենքի համալսարանին դասախոսության անցկացման գործում աջակցության համար, բարձր գնահատեց Թաներ Աքչամի գործունեությունը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ գիտական արժեքավոր գործունեության հետևանքով ցեղասպանության կրթությանը էական նպաստ բերելու գործում։
Անդրադառնալով դասախոսության նյութին՝ դեսպանն ընդգծեց, որ պրոֆեսոր Աքչամի կողմից «Ցեղասպանության անատոմիան» 1878 թ․-ից սկսելը պատահական չէ, քանի որ այդ թվականին ստորագրված Սան Ստեֆանոյի և այնուհետև Բեռլինի միջազգային պայմանագրերում առաջին անգամ իրավական հարթությունում արձանագրվում է Օսմանյան կայսրության հայ բնակչության համար առկա անվտանգության սպառնալիքները և պահանջվում են բարեփոխումներ հայկական վիլայեթերում։
Դեսպանը հավելեց, որ այդ գործընթացի տապալումն էր, որ հանգեցրեց հայ ժողովրդի պատմության ամենադաժան դրվագին՝ Հայոց ցեղասպանությանը։
Դեսպանն իր խոսքում անրադարձավ նաև ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի կարևորությանը, և ընդգծեց, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ:
Պատմաբան Թաներ Աքչամն իր դասախոսության մեջ անդրադարձավ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանությանը և նշեց այն գործոնները, որոնք հիմք են հանդիսացել դրա իրագործման համար:
Ըստ Թաներ Աքչամի` Օսմանյան Կայսրության իշխանությունը չէր կարող հաստատել հավասարության վրա հիմնված համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյաները չէին տեղավորվում մահմեդական ինստիտուտների մեջ:
Թուրք պատմաբանը նշեց, որ Օսմանյան իշխանությունները նպատակ ունեին վերակազմավորել ողջ Անատոլիան՝ դիմելով ժողովրդագրական փոփոխությունների՝ հիմք դնելով ստեղծելու այսօրվա ժամանակակից Թուրքիան:
Եզրափակելով իր խոսքը` Թաներ Աքչամը նշեց, Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ, սակայն պետական մակարդակով ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. դա նաև իրավական հետևանքների հարց է, որը նույնպես միանշանակ չի ընկալվում այդ երկրում:
Պրոֆեսոր Աքչամը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։