Թուրքական կայքը «դավաճանություն» է անվանել Իրանի կողմից գազի մատակարարման դադարեցումը

0
819

Թուրքական իշխանամետ «El-aziz» լրատվական կայքն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող գազի դադարեցման թեմային այդ որոշումը «դավաճանություն» որակելով։ Լրատվականը նշել է, որ Թուրքիան բնական գազի հարցում աջակցություն է ստացել Ադրբեջանից, որին Լեռային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան աջակցել է։

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Իրանը, առանց պատճառի դադարեցնելով գազամատակարարումը դեպի Թուրքիա, հերթական անգամ կրկնեց պատմական իր դավաճանությունը»։

Լրատվական կայքի սեփականատեր Զեքի Գեչկիլը ասել է.

«Իրանը զուտ Թուրքիային վատ դրության մեջ դնելու համար է գազի մատակարարումը դադարեցնում։ Այն անվստահելի և դավաճան երկիր է։ Մինչդեռ Թուրքիան ընդդեմ Արևմուտքի արգելանքի որպես աջակցություն իրանական գազ էր գնել։ Շիիական Իրանի ողջ պատմության ընթացքում ընդդեմ իսլամի Իրանը խաչակիրների հետ է համագործակցել։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Ղարաբաղում, Իրանը Թուրքիայի հետ պայքարի մեջ է»։

Նշենք, որ Իրանը գազամատակարարման դադաղեցման պատճառը տեխնիկական հարցի հետևանք է համարել։ Ըստ թուրքական կողմի՝ Իրանից գազի մատակարարման դադարեցումը մեծ խնդիրներ է առաջացրել երկրի արդյունաբերության մեջ: