Հայաստանի դպրոցներում երեխաները կսկսեն ծրագրավորում ու խորացված մաթեմատիկա ուսումնասիրել

0
690
Փորձնական ձևով դպրոցներում հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը։
2023 թվականի հունվարից Երևանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման և խորը ուսուցման հիմունքներին։
ԿԳՄՍ նախարարությունում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ծրագրի մեկնարկը, որի ժամանակ նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները։
Շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը մասնավորապես նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:
Վահրամ Դումանյանը և (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը
Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Նրա խոսքով՝ փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը՝ ավագ դպրոցում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով և դա կապելով հետագա մասնագիտական կրթության հետ։
Նախատեսվում է բացի մայրաքաղաքից և Տավուշից, այլ մարզերի դպրոցներում էլ աստիճանաբար ներդնել ծրագիրը։