ՀՀ-ն դաշնակից ՌԴ-ից ակնկալում է աջակցություն Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում

0
100

Աստանայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։

«Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին։ Նսխարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։

Քննարկվել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։