ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ Լավրով

0
307

ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը․ «Sputnik Armenia»-ի հաղորդման համաձայն, Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով, անմիջապես այն տեղի ունեցավ, որոշումներ կայացվեցին Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի պետին։ Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկությունները մեզ մոտ արդեն ավելի քան մեկ ամիս է։ Դրանք են ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի հետ սահմանին ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից, իսկ նախագահող երկիրը չէ՞ որ Հայաստանն է»,- ասել է Լավրովը:

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ երկու նախարարները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր։

«Առանձնահատուկ շեշտվել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հետ կապված խնդիրներին», – նշված է ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում: