Հունաստանում հայկական 4 կազմակերպություններ կոչով են հանդես եկել

0
197

Հունաստանում հայկական 4 կազմակերպություններ կոչով են հանդես եկել

ԿՈՉ ՀՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ Ու ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՉՆԵՐԻՆ

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին՝ Արցախը (Ղարաբաղը) Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը, այդպիսով 120 հազար արցախահայության դատապարտելով շրջափակման։

Միաժամանակ Ադրբեջանը խափանել է Արցախի գազի մատակարարումը, ինչի հետևանքով, ի թիվս այլ հաստատությունների, փակվել են դպրոցները՝ ջեռուցելու անկարողության պատճառով։
Հարյուրավոր մեքենաներ, այդ թվում՝ շտապ օգնության, ձմռան դաժան պայմաններում արգելափակված են ճանապարհին։

Ադրբեջանի կողմից ձեռնարկված անմարդկային այս քայլերը ընդամենը քաղաքական ճնշման և ռազմական սպառնալիքների ամբողջական փաթեթի մի մասն է, որոնք Ադրբեջանը կիրառում է Հայաստանի և Արցախի դեմ՝ Ղարաբաղի հարցում սեփական կամքով լուծում պարտադրելու համար։

Արցախահայության Մարդու իրավունքների պաշտպանությունը, միշտ և ամենուր, հատկապես այսօր Արցախում միջազգային հանրության պարտականությունն է. Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան սիստեմատիկ կերպով փորձում են իրականացնել, վաղը կդառնա մարդկության հերթական հումանիտար ձախողումը։

Ֆրանսացի սենատոր Վալերի Բուայեն այս առիթով իր ձայնը բարձրացրեց՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանին և պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջել է հարգել արցախահայության իրավունքները և անհապաղ և առանց վերապահումների բացել փակած ճանապարհը՝ թույլ տալով բնակչությանը. մատակարարվել կենսական նշանակության ապրանքներով։

Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը և Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությումը։ Եվրամիությունը ևս հայտարարություն է տարածել՝ դատապարտելով շրջափակումը, կոչ անելով անհապաղ վերացնել այն։

Այս կոչը ստորագրող հունահայ կազմակերպությունները հույն ժողովրդից, քաղաքակական գործիչներից և Խորհրդարանի անդամներից պահանջում են ևս մեկ անգամ իրենց եղբայրական ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն եղբայր հայ ժողովրդի իրավունքների։

Աթենք, 14 դեկտեմբերի, 2022 թ․
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ