Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում հանդիպում է ունեցել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։
Չավուշօղլուն ասել է. «Մենք տարածաշրջանում կայունություն ենք ցանկանում։ Հայաստանի հետ կարգավորման հարցում առիթ է ստեղծվել Ադրբեջանի հաղթանակից հետո»։
Թուրք նախարարը, նկատի ունենալով հայկական սփյուռքի կազմակերպվածությունը, ընդգծել է, որ արտերկրում ապրող թուրքերը պետք էլ ավելի կազմակերպված լինեն։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք պիտի մի քիչ ավելի միասնական լինենք։ ԱՄՆ-ում հիմնել ենք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը սկսել է շատ արդյունավետ աշխատել մեր երկրին ուղղված հայկական սփյուռքի զրպարտությունների դեմ։ Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի Եվրոպայում նույնպես ուժեղացնենք այդ համախմբվածությունը»։
Ֆրանսիայում, որտեղ 800 հազար թուրք է ապրում, իրենք կարող են ավելի արդյունավետ քաղաքականություն վարել, ընդգծել է Չավուշօղլուն։
«Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, որի մի մասը բարի նպատակներ չունի։ Նրանք դեմ են Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը դեմ է լավ հարաբերությունների ձևավորմանը և թշնամական վերաբերմունք ունի։ Մենք ակնկալում ենք, որ դուք ավելի կազմակերպված ձևով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ»,-նշել է Չավուշօղլուն։