Չի կարելի ապրել երրորդ երկրում ու պահանջել քաղաքական փոփոխություն այլ երկրից, անկախ նրանից, որ դա քո հայրենիքն է

0
772

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանը։

-Պարոն Քեշիշյան, հոկտեմբերի 28-31 Երևանում կայանալու է Սփյուռք-Հայաստան համաժողով: Ի՞նչ ակնկալիքներ կան այս համաժողովից, քննարկման ի՞նչ առաջնահերթ թեմաներ եք տեսնում։

30 տարիների ընթացքում այս  հարցի կարևորության  մասին խոսել եմ այն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճիշտ ծրագրավորումն ու գործադրումն է։ Այսինքն՝ ով ուր է, ինչպես պետք է գործի  ու ճիծտ կերպով ծառայի համահայկական շահերին։Սփյուռքը՝ սփյուռք, Հայաստանը՝ Հայաստան, լինելով իրարից անջատ, միևնույն ժամանակ միասնական նպատակի համար պետք է ապակենտրոն ձևով աշխատել ու առաջ գնալ։ Սա ամենակարևոր հարցն է, որ պետք է առաջ տանել ու  դարձնել այդ համաժողովի ամենակարևոր խոսքը։Որպես հայ ժողովուրդ, հայ  ազգ, մենք պետք է ունենանք մեկ ընդհանուր նպատակ։ Այստեղ կա հայկական պետականության, Հայաստանի զարգացման ու հայ ժողովրդի ապագայի ամրապնդման ու ծաղմկման հարցերը։ Եթե մենք  սրանք աչքի առաջ չունենանք, ապա  չենք  կարողանա նպատակային քայլել առաջ։

-Քաղաքական պրոցեսներն ինչքանո՞վ են պառակտել սփյուռքը, ի՞նչ վտանգներ եք տեսնում այս առումով։

-Ես իհարկե չէի ասի, որ հայաստանյան անցուդարձերը, որոշակի հիվանդագին քայլերը, պետականաքանդ գործողությունները պառակտում են սփյուռքը։ Թեպետ սփյուռքում կա որոշակի շրջանակ, որն աշխատում է նման հարցերը տեղափոխել սփյուռք, բայց դա չի ստացվելու։ Սփյուռքն  ունի երկու խնդիր՝ իր առօրյան և Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Մարդիկ այնտեղ չունեն նման համբավ, որ կարողանան պառակտել։ Այստեսակ արկածախնդիրները կարող են հարցերից անտեղյակ մարդկանց  շփոթմունքի մեջ գցել, բայց դա կարճաժամկետ կլինի և ժողովուրդը իր գնահատականն այդ մարդկանց կտա, ճիշտ այնպես, ինչպես այդ գնահատականը տալիս է Հայաստանում։Որքան էլ մենք հեռու լինենք ֆիզիկապես, վերջին հաշվով տեսնում ենք ժողովրդի գնահատականը։ Եթե «ընդդիմությունը»  չի կարողանում Հայաստանում ժողովրդականություն վայելել, նույն վերաբերմունքին է արժանանում նաև սփյուռքում։ Թող բարձրախոսներով խոսեն, բայց դա այնքան էլ էական չէ, գործն ու արդյունքն է կարևոր։ Եթե նպատակային չէ , չի ծառայում հայկական նպատակին, ապա  որևէ արդյունքի չեն կարող հասնել։ Եթե նույն ժամանակ դեմ են Արցախի կորստին, բայց չեն կարողանում այնպես անել, որ եռակողմ հայտարարությունը չեղարկվի,եթե ասում են, որ կորուստ է, բայց չեն ուզում  տեսնել մեղավորներին, միայն սեփական իշխանությանն են մեղավոր դարձնում՝ որևէ արդյունքի չեն կարող հասնել։ Հայկական բանակը կռվել է ադրբեջանական բանակի դեմ, բայց չեն ուզում տեսնել նաև այլ պետությունների ուղղակի դերակատարությունն այս հարցում։ Ժողովուրդն այդ ամենը տեսնում է, իր գնահատականը տալիս է։ Գուցե կարճ ժամանակով խաբկանը գործի, բայց ժողովուրդն իր աչքերը բացում է, տեսնում է ինչ իրականություն է, նախապես էլ նրանց մասին իր կարծիքն ունի։

-Սփյուռքից հաճախ ենք լսում դժգոհություններ, որ թեպետ այնտեղից ֆինանսապես օգնում են Հայաստանին, բայց քաղաքական պրոցեսներին մասնակից լինել չեն կարողանում։ Այս մոտեցումն ինչքանո՞վ է արդարացված։

-Այս  հարցը շատ պարզ հիմնավորում ունի։ Նույն բանն է, որ ասես Հայաստանի ժողովուրդը պետք է դերակատարություն ունենա  սփյուռքյան համայնքների պետական շրջանակների գործերին։ Եթե մարդը սփյուռքում նստած է, ապա կարող է  իր տված փողով Հայաստանի տնտեսության մեջ զարգացում ապահովել։ Մինչև հիմա մենք այդ պատկերը չենք տեսել։Ես իմ այս խոսքերով ընդհանրապես մտադիր չեմ նսեմացնել սփյուռքի դերակատարությունը։ Օգնությունն իրենց պարտքն է՝ հայրենիքը փայփայելու տրամաբանությամբ։ Բայց եթե մարդիկ պետք է իրենց դերակատարությունն ունենան ներքաղաքական կյանքում, ապա պետք է ներկայություն ունենան նաև նրա ներսում։Ես դրսում նստած չեմ կարող որոշել, թե դուք ինչպես պետք է ապրեք Հայաստանի ներսում։Սա անհասկանալի երևութ է։ Այլ հարց է, որ ես տեղափոխվեմ ու հաստատվեմ Հայաստանում։ Այդ ժամանակ որպես ՀՀ քաղաքացի կարող եմ խոսել այդ մասին։ Երբ հարցը գալիս է  համահայկական խնդիրներին, այդժամ սփյուռքը վստահ խոսք ունի ասելու։ՀՀ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ սփյուռքը  ցեղասպանության շարունակությունն ու հետևանք է։ Ուստի այս կոնտեքստում  պայքարը և՛ հայ ժողովրդինն է և՛ սփյուռքինը։Իսկ եթե համահայկական խնդիր չէ, այլ հայաստանյան ներքաղաքական կյանք, արդեն այնտեղ կան խմբավորումներ ու կազմակերպություններ, որոնք իրենց կարծիքն են ասում։Իհարկե կարծիք արտահայտելը աշխարհում ապրող բոլոր մարդկանց իրավունքն է, ոչ ոք նրանց չի արգելում։ Բայց ներկայություն ունենալը որպես դերարակատարություն, պահանջներ ներկայացնելն անընդունելի է։ ցանկացած տրամաբանող  մարդ նույն գնահատականը կտա։ Չի կարելի  ապրել երրորդ երկրում ու պահանջնել քաղաքական փոփոխություն, անկախ նրանից՝ այդ երկիրը քո համար հայրենիք է, թե ոչ։ Դու ունես ցանկությունների, կարծիքի , խորհուրդ տալու իրավունք և ոչ իրավունք։ Ինչ վերաբերում է օգնությանը, ապա դա որպես հայ մարդ քո պարտքն է։