Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել նաեւ է Արցախ

0
609

Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ նախազգուշացում էր Եվրոպային. Վալերի Պեկրես

Արցախ մեկնելու պատճառով Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում». Բաքուն չի մարսել վերջինիս այցը Արցախ։

«Վալերի Պեկրեսեն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա այնտեղ հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին: Ճանապարհորդությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի կարողացել լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,-գրել է մեկնաբանը:

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Վալերի Պեկրեսը այս մասին հայտարարեց Երևանում հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ:

«Գիտեք, որ հունվարին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, և ես կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունենք համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում», – ասաց Վալերի Պեկրեսը։ Նա հավելեց, որ ցանկանում է Փարիզում միջազգային կոնֆերանս կազմակերպել ի աջակցություն Հայաստանի: Նրա խոսքով՝ այդ կոնֆերանսի օրակարգում կընդգրկվեն ինչպես խաղաղության հաստատման և պահպանման, այնպես էլ այլ կարևոր հարցեր, ինչպիսին է մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը Հայաստանում և Արցախում:

Սա Վալերի Պեկրեսի երրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա Հայաստան է եկել 1990 թվականին, երբ աշխատում էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանությունում: Իր խոսքով՝ դա Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո էր, և այն ժամանակ, ինչպես հայտնի է, Ֆրանսիան հումանիտար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և կարևոր դեր է խաղացել վերականգնողական աշխատանքներում: Երկրորդ անգամ Հայաստան է եկել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո՝ 2018 թ. նոյեմբերին, որպես Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ՝ Իլ դը Ֆրանսի և Երևան քաղաքի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Տավուշի մարզի հետ գործընկերություն ձևավորելու նպատակով:

«Իմ լավ ընկեր և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը (1944-2020) նախաձեռնել էր գործընկերություն Տավուշի հետ, և մեր Իլ դը Ֆրանս շրջանը, փաստորեն, շարունակեց այդ գործընկերությունը», – պատմեց Պեկրեսը:

Ըստ նրա՝ 2018-ի իր այցը շատ հետաքրքիր էր: Նա հիշեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ծառ տնկելը, հիշեց հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության ամենամեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին, որն, իր խոսքով, Ֆրանսիայի և հայ համայնքի ու Հայաստանի հարաբերությունների մեկնակետն է եղել, քանի որ 1915-ի ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր հանգրվանել են հենց Ֆրանսիայում՝ կազմավորելով այն մեծ համայնքը, որը շատ մեծ դեր ունի Ֆրանսիայի հասարակության մեջ:

Այդ համայնքի նշանավոր ներկայացուցիչներից է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ֆրանսահայ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը, որը Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության կազմում եկել էր Հայաստան:

Դեկտեմբերի 20-21-ի երկօրյա այցի շրջանակներում ևս Իլ դը Ֆրանսի ղեկավարը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ տեսնելով իր տնկած ծառը և հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ֆրանսիական պատվիրակությունը այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին, այնուհետև՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Զինվորի տուն, և շփվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների հետ հաղորդում է «Արմենպրեսը»:

«Կարծում եմ, որ սա մեր այցի շատ լավ խորհրդանիշ էր, քանի որ մեր այցը միաժամանակ խարսխված է մեր համատեղ անցյալի վրա, բայց նաև ուղղված է դեպի ապագան: Իլ դը Ֆրանս շրջանը շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Բացի Երևանի հետ համագործակցությունից՝ մենք նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործընկերն ենք և 500.000 եվրո ենք տրամադրել նոր կամպուսի կառուցման և զարգացման ծրագրերի համար: Ակտիվորեն ներգրավված ենք նաև մարդասիրական հարցերում», – հաղորդեց Իլ դը Ֆրանսի ղեկավարը:

Վալերի Պեկրեսի այցելության երրորդ պատճառն այն է, որ ինքն անձամբ մեծապես ներգրավված է Արևելքի քրիստոնյաների պաշտպանության գործընթացում:
«Մենք կարևորում ենք Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հարցը, որովհետև մենք միամիտ չենք, մեր աչքերը փակ չեն, և կարծում ենք, որ այսօր առկա են Հայաստանին սպառնացող որոշ վտանգներ, բայց այդ վտանգները կախված են նաև Ֆրանսիայի և Եվրոպայի վրա», – շեշտեց Վալերի Պեկրեսը:

Իսկ ընդհանուր առմամբ իր այցը Վալերի Պեկրեսը նվիրում է Հայաստանի այսօրվա ու վաղվա երիտասարդությանը, հատկապես՝ վերջին պատերազմում զոհված հիմնականում երիտասարդ տղաներին և արցախահայ շուրջ 80 հազար տեղահանվածներին. «Երիտասարդությունն է այս երկրի ապագան, և շատ կարևոր է, որ նրանք ապրեն ու բարգավաճեն հենց իրենց երկրում՝ ձեր հողի վրա: Գիտեմ, որ արտագաղթը շատ մտահոգիչ խնդիր է այսօր ձեր երկրում, սակայն Հայաստանը շատ տոկուն, դիմակայուն երկիր է, դիմակայուն են նրա ժողովրդավարական համակարգը, և այս տարվա ժողովրդավարական ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին այս փաստը»:

Այդ առումով ֆրանսիացի գործիչը անհրաժեշտ է համարում, որ Ֆրանսիան ու Եվրոպան օգնեն Հայաստանին բոլոր այդ գործընթացներում, և հենց այդ պատճառով է, որ, ըստ նրա, Ֆրանսիան պետք է ավելի շատ զբաղվի Հայաստանում կրթության ու մշակույթի ոլորտում գործընկերության զարգացմամբ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ հիմնելով:

«Նաև պետք է զարգացնենք ու խորացնենք համագործակցությունը կրթության, ֆրանկոֆոնիայի, առողջապահության, մշակույթի, տնտեսական զարգացման ոլորտում: Իհարկե, կարևոր են նաև առևտրային փոխհարաբերությունները», – ասաց Վալերի Պեկրեսը:


Իր այցելության շրջանակներում Իլ դը Ֆրանսի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:


Իր մեկնությամբ՝ այդ հանդիպումների ընթացքում իրենք խոսել են 2020-ի 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրավիճակի մասին: Այդ համատեքստում նա կոչ արեց Բաքվին անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին, ինչպես նաև շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար:

«Կարծում եմ՝ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են», – շեշտեց Վալերի Պեկրեսը:


Իլ դը Ֆրանսի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Տավուշում բացվելու է գյուղատնտեսական լիցեյ, որը կրելու է Պատրիկ Դևեջյանի անունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնել այն կապակցությամբ, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը դեկտեմբերի 22-ին այցելել է Արցախ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վալերի Պեկրեսն ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։
Վալերի Պեկրեսը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի մասին Twitter-ում հայտնել Է France TV-ի լրագրող Ժյուլիեն Նենին: Տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղում Պեկրեսը հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքական գործիչների հետ, Նենին նշել է, որ Հայաստան և Ղարաբաղ ուղևորության ընթացքում իրեն ուղեկցող ֆրանսիացի լրագրողները անվտանգության նկատառումներով չեն լուսաբանել այդ այցը:

Վալերի Պեկրեսը Արցախ կատարած այցի ընթացքում ուղեկցել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյին: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Պեկրեսին Արցախ այցելելու համար: Շնորհակալ եմ Վալերի Պեկրեսին և Բրունո Ռետայոյին Արցախ նրանց այցելության համար։ Ողջունում եմ նրանց համոզմունքները։ Սա ընդհանուր բան է, մեր քաղաքակրթության համար պայքար։ Կիսում եմ նրանց հույզերը Ադրբեջանի կողմից սպանված հազարավոր հայերի կապակցությամբ», – գրել է Բուայեն։