Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը. Հաջիեւ

0
132

Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ անտեսել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը։ Այս մասին հայտարարել է Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած խորհրդաժողովում:

««Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք ցուցադրաբար անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը։ Դա պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հաջիեւը՝ պնդելով, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որեւէ ներդրում չեն ունեցել հակամարտության կարգավորման գործում:

«Նրանք վատնել են մեր ժամանակը ամբողջ 30 տարի։ Այս այցին չմասնակցելով՝ նրանք հերթական անգամ քամահրանք արտահայտեցին»,- ասել է Հիքմեթ Հաջիեւ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար այլեւս ԵԱՀԿ Մինսկի խումբը չկա։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կեղծավոր և ամոթալի են։ Մինսկի խումբը կազմակերպություն է, որն ինքնասպանություն է գործել, այն արդեն պատմություն է»։