Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի «հայամետ մեկնաբանությունները»

0
460

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ Բաքուն Փարիզին հորդորում է առարկայական և չեզոք դիրքից մեկնաբանել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում իրադարձությունները և գործընթացները:

«Հոկտեմբերի 5-ին, պատասխանելով Ազգային ժողովի հայամետ պատգամավորի հարցին, արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ և անհիմն հայտարարություններ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին»,- ասել է Աբդուլաևան: Նրա պնդմամբ, ֆրանսիացի քաղաքական գործիչները ոչ առաջին անգամ են դրսևորում միակողմանի հայամետ դիրքորոշում:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ջանքերի ֆոնին արտգործնախարար Կատրին Կոլոննայի անպատասխանատու հայտարարությունները զարմանք են հարուցում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «դժբախտաբար, անցած 30 տարում ֆրանսիացի քաղաքական գործիչները նմանօրինակ հայտարարություններով հանդես չեն եկել Հայաստանի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ»:

«Լավ կլիներ, որ Եվրոպայի առաջատար երկիր և միջնորդական ջանքեր առաջարկող Ֆրանսիան չեզոք, անաչառ և արդար դիրքորոշում որդեգրեր»,- ասել է Բաքվի իշխանության ԱԳՆ-ի խոսնակը: