ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ԱԼԻ ԷՐԹԵՄԸ

0
731

Դեկտեմբերի 2-ին, Գերմանիայում մահացել է հայ ժողովրդի բարեկամ, Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու ուղղությամբ շուրջ չորս տասնամյակ պայքարած թուրք մտավորական Ալի Էրթեմը:

Էրթեմն ու իր ընկերները թուրք հանրային կարծիքը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու և լուսաբանելու առաջամարտիկներից էին:

Գերմանիա պարտադիր աքսորից հետո, Էրթեմն իր ընկերների հետ միասին հիմնադրեց «Ընդդեմ ցեղասպանության» միությունը (SKD), որի նախագահի պաշտոնը տարիներ զբաղեցրեց անձամբ:

Էրթեմը այն քիչ թուրք մտավորականներից էր, ով խիզախորեն բարձրաձայնեց. «Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, այլև կեղծում է պատմությունը»:

Ցեղասպանության տարելիցին, Էրթեմն ու իր ընկերները հաճախ էին այցելում Ծիծեռնակաբերդ՝ հայ ժողովրդի միլիոնավոր նահատակների անմահ հիշատակը հարգելու համար:

Հունաստանի հայերի միությունն Ալի Էրթեմի մահվան տխուր կապակցությամբ իր խորազգաց ցավակցությունն է հայտնում նրա ընտանեկան պարագաներին, հարազատներին ու իր ուղին շարունակող մտավորականներին: