Գլենդելը ունի հայազգի նոր քաղաքապետ։ Ադրբեջանական սփյուռքը միավորվում է․․․ Սփյուռքի ավանդական մեխանիզմները դառնում են ավելի ու ավելի անկենսունակ

0
731

Վերկուծաբան Հակոբ Բադալյան․

Գլենդելը ունի հայազգի նոր քաղաքապետ: Լավ է իհարկե, ոգեւորիչ, ուրախ պետք է լինել մեր հայրենակցի ու ամբողջ հայության համար, որ այս կարեւորագույն քաղաքային իշխանությունը երկար չմնաց հայերից «թափուր»:
Այդ ընթացքում Ադրբեջանում սփյուռքի համաժողով է: Իհարկե «աշխարհասփյուռ» ադրբեջանցիները հայության հետ համեմատությունից շատ են հեռու, առավել եւս, որ ադրբեջանական սփյուռք ասվածը հիմնականում Ադրբեջանն էլ հենց ձեւավորում է: Բայց, այդ սփյուռքը ձեւավորվում է չափազանց լավ պատրաստված սխեմաներով ու մեխանիզմներով, բավականին պատրաստված կադրերով, ու բավականին կենսունակ դառնում անգամ այն երկրներում, որտեղ մենք դիտարկում ենք ավանդաբար ուժեղ հայկական սփյուռքի գոյություն:
Այդ պրոցեսը բավականին ինտենսիվ շարժվում է առնվազն մեկուկես տասնամյակ: Դրա տակ նավթի ու գազի փողն է, բայց մեզ համար դրանից չի փոխվում այդ մարտահրավերի վտանգավոր էությունը, առավել եւս այն կուսակցական բաժանումների ֆոնին, որ առկա են ու խորանում են հայկական սփյուռքում:
Մեզ անհրաժեշտ են ահռելի ֆինանսական, ու վաղուց թերեւս կադրային ու մասնագիտական առավելություն ստացած Ադբեջանին այդ տիրույթում հակադրելու ասիմետրիկ լուծումներ: Սուբյեկտիվ կարծիքս է, բայց գրեթե համոզված եմ, որ մեր սփյուռքի ավանդական մեխանիզմները ժամանակի ընթացքում դառնալու են ավելի ու ավելի անկենսունակ, ընդ որում օբյեկտիվորեն՝ առաջին հերթին աշխարհաքաղաքական եւ աշխարհակարգային վերափոխումների բերումով: Հետեւաբար, համազգային միասնության անբովանդակ եւ ոչինչ չասող կոչերի փոխարեն, պետք է լրջորեն մտածենք այդ հարցի շուրջ: