Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի. նա պաշտոնական գրություն է ստացել (տեսանյութ)

0
433

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան անցանկալի է։

Զատուլինը հրապարակել է ՀՀ ԱԺ-ից ստացած գրություն, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»:

Նա Տելեգրամի իր ալիքում այսօր հրապարակել էր Հայաստանի խորհրդարանի պաշտոնական գրությունը։

Զատուլինը Երևանում պետք է մասնակցեր ռուս և հայ գործիչների «Լազարևյան ակումբի» նիստին։

«Ինչո՞ւ մենք պետք է թույլ տանք, որ որևէ օտար երկրի քաղաքացի, առավել ևս պաշտոնյա, ինչ-որ ձևով միջամտի և խառնվի մեր ներքաղաքական կյանքին, մեր ներքաղաքական գործերին», – ասել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Զատուլինին անցանկալի տարր հայտարարելու մասին լուրը առաջին անգամ երեկ հրապարակել էր «Հայկական ժամանակը»։

Մի այլ գրառմամբ «Հայկական ժամանակը» գրել է, թե Զատուլինը բազմիցս խառնվել է Հայաստանի ներքաղաքական կյանքին, պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Ռուս պատգամավորը մոտ երկու շաբաթ առաջ «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ վարչապետ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ Ադրբեջանին միջանցք տրամադրելու համար։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։

«Ինչո՞ւ են նա և հայերը այդ հարցը հասցեագրում Ռուսաստանին։ Ձեր վարչապետն է ստորագրել նման պայման», – ասել է Զատուլինը։

Զատուլինի համար «վիրավորական ու անսպասելի» է եղել Հայաստանի Ազգային ժողովի արձագանքը, այդ մասին Տելեգրամում գրել է նա։ Ռուս պատգամավորը համոզված է՝ այդ քայլը վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։

Հիշեցնենք, որ դեռևս որևէ ռուս պաշտոնյա, այն էլ՝ գործող, Հայաստանում անցանկալի անձ չէր հռչակվել: