Իրանական զորքերի տեղաշարժեր կան, Իրանը չի հանդուրժելու սահմանների փոփոխություն. Մովսես Քեշիշյան

0
542

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:

Պարոն Քեշիշյան, տեղեկություններ կան, որ Իրանը շուրջ 50 հազար զորք է մոտեցրել սահմանին: Մյուս կողմից Ռաիսին Էրդողանի հետ հանդիպմանն անընդունելի է համարել տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Իրանի այս քայլը:

Իրանի դիրքորոշումն այս հարցում հստակ է, նա կողմից այս ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են եղել, նաև խոսվել է 40 հազարանոց զորք սահմանի մոտ տեղափոխելու մասին, հիմնականում Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Իրանը հստակ հայտարարել է, որ ազգային սահմանների փոփոխություն ինքը չի հանդուրժելու և քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Սակայն այս պահի դրությամբ պաշտոնական լրատվությունը զորքերի տեղաշարժի մասին որևէ բան չեն հայտարարել: Այդուհանդերձ, Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո իրանական զորքի տեղաշարժ տեղի է ունեցել և մարդիկ դա տեսել են, լուրը հայտնվել է լրատվամիջոցներում, սակայն պաշտոնական հաստատում չի եղել: Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա կրկնում եմ՝ Իրանը պնդում է սահմանների անփոփոխ մնալու վրա: Սահմանների փոփոխության մեջ Իրանն իր համար ազգային անվտանգության խնդիրներ է տեսնում, հետևաբար, ամեն գնով պատրաստ է դեմ գնալ նման նպատակների իրականացմանը: Մեզ համար շատ կարևոր է, թե Իրանն ինչ քայլերի կգնա, եթե հանկարծ հարցերը թեժանան, և Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն սահմանային փոփոխություն մտցնել: Դեռևս Իրանը այդ հարցի պատասխանը հստակ չի տվել: Այո, Իրանի կողմից եղել են հայտարարություններ, որ ինքը դա համարում է կարմիր գիծ:

Մենք այս փուլում Իրանից ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ աջակցության տեսքով:

Նկատի ունենալու, որ սա ընդհանուր անվտանգության հարց է Հայաստանի և Իրանի համար, Հայաստանն իր հարաբերություններն Իրանի հետ անվտանգային ասպարեզում պետք է ավելի ամրապնդի ու ընդլայնի: Իրանը մեզ համար պետք է զինակցից դառնա դաշնակից, որը ցավոք, մենք չենք տեսնում Հայաստանի, այսպես կոչված, «ռազմավարական դաշնակցից»: Եթե Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ իրենք պատրվակ ունեին չխառնվելու, ասելով, թե հակամարտությունը Հայաստանի սահմաններին չի, այսօր արդեն ռազմական գործողությունները Հայաստանի սահմաններում են, Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ: Սրա համար իրենք արդեն պատասխանատու են: Եթե հանձնառություններ ունեն ու չեն կատարում, ուրեմն նույնիսկ իրենց դաշնակից կոչելը մի քիչ ծիծաղելի է: Այսօր Հայաստանն ավելի լուրջ դաշնակցի կարիք ունի, այս դեպքում շնորհիվ Իրանի կամ այլ պետությունների: Վերջին հաշվով շատ կրևոր ու լավ դիրքորոշում ընդունեց վարչապետը, որ Ադրբեջանի ագրեսիայից հետո շատ արագ բացի ռուսականից, դիմեց և եվրոպական, և ամերիկյան, և իրանական կողմերի հետ շփման մեջ մտավ, հստակորեն ներկայացրեց իրավիճակը և պահանջեց, որ որոշակի դիրքորոշում ընդունեն: Դա տվեց իր արդյունքները, մենք տեսանք, որ Եվրոպայի, Ամերիկայի մմիջազգային ճնշմամաբ կարողացանք դադարեցնել, կասեցնել ադրբեջանական ագրեսիան: Այստեղ Իրանի պարագան կարծում եմ՝ ավելի կարևոր է, կարելի է ավելի խորացնել հայ-իրանական հարաբերությունները տարբեր ասպարեզներում՝ սկսած տեխնիկական, տնտեսական, անվտանգության տարբեր հարցերից, որտեղ կարող ենք փոխադարձ սպասելիքներ ունենալ: Որովհետև Իրանի համար շատ ակնհայտ է, որ սահմանների փոփոխությամբ Թուրքիան կտրում է հայաստանը, անցնում Ադրբեջանու հասնում Միջին Արևելքի թուրքական աշխարհ: Սա Իրանի համար մահացու է, առնվազն նրա հյուսիսային շրջանների համար: Դա շատ վտանգավոր քարտեզ կարող է լինել, հետևաբար, Իրանը պետք է որոշակի քայլեր անի դա թույլ չտալու համար:

Այսինքն այս անգամ Իրանը շատ ավելի կոնկրետ ցույց տվեց իր կարմիր գծե՞րը:

Այո, ցույց տվեց և գործնական քայլեր նույնպես անում է: Դրանց մասին չի հայտարարվում, բայց երևում է, որ զորքերի տեղաշարժեր կան: Ակնհայտ է, որ Իրանը չի հանդուրժելու սահմանների փոփոխություն, և իր քայլերը անելու է: