Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայատարարել է Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվելու Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի մասին

0
400

2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:

Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

«Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱԽ գրասենյակի և ԲՏԱ նախարարության կողմից մշակվել և 2020 թ. մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին:

Ամփոփելով արբանյակի բացթողնման թեման՝ ասեմ, որ երեկ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

ՀՀ առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում և սա է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:

Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Կատարված աշխատանքը տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց ՀՀ վարչապետը: