Հարգանքի տուրք Եռաբլուրում

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի նահատակների օրվա առիթով Հայկական ժողովրդային շարժումի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ՝ Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել ԱՍԱԼԱ-ի և Նորագույն ազատագրական պայքարի բոլոր նահատակների հիշատակին:

Եռաբլուրի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրի տարածքում կատարվել է հոգեհանգստյան հատուկ կարգ, հանդիսապետությամբ Սբ. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան Արքեպիսկոպոս Գալփակյանի:

Սրբազանը խոսեց 7 օգոստոսի պատգամի մասին, Նորագույն ազգային ազառագրական պայքարով Սփյուռքից՝ Հայաստան հայ ժողովրդի ապրած զարթոնքի և ոգևորության, նահատակների նվիրումի և զոհողության գնով հայության նվաճած քաղաքական արդյունքների մասին, և պայքարի թողած ազդեցությունը Հայոց պետականության կայացման վրա:

Օգոստոսի 7-ի հանդիսությանը ներկա էին պատանի և երիտասարդ հայրենապաշտպան կամավորներ, ովքեր եկել էին հարգելու իրենց երեցների նվիրումն ու զոհողությունը:

Հիշատակի հանդիսությանը ներկա էին նաև Նորագույն ազատագրական պայքարին մասնակցած նախկին քաղբանտարկյալներ, նահատակների ընտանիքներ, հարազատներ և երկրպագուներ:












