Լավրովի այն հայտարարության առ այն, որ Մոսկվան դեռ չի տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելուն առնչվող Հայաստանի վարչապետի առաջարկները, իշխող խմբակցությունից պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է` սեթևեթանքների ժամանակն անցել է, հասարակության հետ անկեղծ պետք է լինել։
«Փոխվել է իրավիճակը, և փոխված իրավիճակին համարժեք վարչապետն իր մոտեցումներն է ներկայացրել, որը նորմալ է: Թե Ռուսաստանն ինչ կանի, դա արդեն Ռուսաստանի խնդիրն է: Չեմ կարծում, որ վարչապետը ինչ-որ բաներ է ուզում Ռուսաստանին պարտադրել», – «Ազատության» ռ/կ հետ զրույցում ասաց նա:
Թե ինչ լուծումների մասին է խոսքը, իշխանական պատգամավորը հորդորում է սպասել։ Ռուսաստանի դեմ որևէ տրամադրվածություն չկա, հստակեցնում է Փաշինյանի թիմակիցը: Ըստ նրա` վարչապետի մեղադրանքը Ռուսաստանին ուղղված չէ, այլ խաղաղապահների վարքագծին, որը կարող է չառնչվել Մոսկվայի քաղաքականության հետ։
«Մենք ուզում ենք, որ Ռուսաստանն իր պարտավորությունները կատարի և ըստ այդմ խաղաղապահների գնահատականը տա` արդյոք խաղաղապահների վարքագիծը բխում է Ռուսաստանի բուն քաղաքականությունից, թե՞ հակասություն կա այնտեղ»: