Ռուս խաղաղապահ առաքելության գործունեությանն առնչվող մտահոգությունները հայկական կողմը դեռ նախորդ փետրվարին է փոխանցել ռուսական ղեկավարությանը, հայտարարել է պաշտոնական Երևանը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը», – նշել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։
Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։
Մոսկվան դեռ չի տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելուն առնչվող Հայաստանի վարչապետի առաջարկները, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։