Bloomberg․ Թուրքիան Բայդենին գոհացնելու համար է փորձում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

0
221

Դեկտեմբերի 13-ին, Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունենալով արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու։

Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Կովկասում եղբայր Ադրբեջանի հետ միասին տարածաշրջանային խաղաղության և բարօրության կերտման համար ինտենսիվ դիվանագիտություն ենք վարում։ Ձեզ 2 լուր եմ ուզում հայտնել։ Շուտով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի համար փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք։ Ամեն քայլ անելիս Ադրբեջանի հետ միասին ենք գործելու»։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ սկսելու է իրականացնել Երևան-Ստամբուլ չարտերային չվերթներ։

Ամերիկյան մամուլում լայն արձագանք է գտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Առաջատար «Bloomberg» գործակալությունը Թուրքիայի անակնկալ շրջադարձը որակել է որպես քայլ, որն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գոհացնելու համար։ Ընդգծվել է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդմամբ՝ Անկարայի քայլը համահունչ է հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Բայդենի խնդրանք-պահանջին։ G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը Էրդողանին կոչ էր արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը:

«Bloomberg»-ի հրապարակման մեջ նաև նշվում է․ «Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կմեղմացնի Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Բայդենի և Էրդողանի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել էին ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների անվտանգային և տնտեսական համատեղ շահերը»։
«Էրդողանը կտրուկ գնաճի և տնտեսության կայունացման համար, որը 2023 թվականի ընտրություններից առաջ սպառնում է նրա ունեցած աջակցությանը, կարող է մեծ օգուտներ քաղել արտաքին քաղաքական ցանկացած քայլից», հավելել է «Bloomberg»-ը։

Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը: «Հայաստանը դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։ Այս մասին Facebook–յան իր էջում այսօր գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում», – նշել է Հունանյանը։