Գյումրիի՝ ֆիլմերից հայտնի բակում կինոտուն է բացվել

0
139

Գյումրիի հայտնի բակում, որտեղ նկարահանվել են հայկական մի քանի ֆիլմեր՝ «Հեղնար աղբյուր»-ը, «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Եռանկյունի»-ն, օրերս կինոտուն բացվեց։ Գործարար Արթուր Դավթյանը կնոջ հայրական տան նկուղն է կինոտան վերածել։ Այս բակ այցելողներն այսուհետ կիմանան, թե ինչ ֆիլմեր են նկարահանվել այստեղ, հաղդում է «Ազատություն» ռադիոկայանը Գյումրիից։

«Ահավոր անխնամ վիճակ էր, և քարերը թուլացել էին, փորձեցինք ամրապնդենք, և էդտեղից արդեն Հայկ Դեմոյանի՝ իմ և՛ ազգականի, և՛ ընկերոջ հետ գաղափար հղացանք՝ կյանքի կոչել թանգարանի գաղափարը։ Ես մտածել եմ այլ ոլորտի մեջ, քանի որ ես գործարար եմ, բայց թանգարանը, իմ կարծիքով, էստեղ ավելի հարիր կլինի, քանի որ զբոսաշրջիկների մեծ հոսք կա, և հարևաններին արդեն իրականում հոգնեցրել էին հարցերով, թե «վառեմ-մարեմն էս է՞»… Սա համեմատաբար թոթափելու է էդ բեռը հարևաններից և բերելու է զբոսաշրջիկների», – «Ազատության» հետ զրույցում նշեց Դավթյանը:

Այս բակում նկարահանված կինոնկարներից ամենաշատը հիշվում է «Մեր մանկության տանգոն» ու հատկապես Վարդավառի դրվագը:

Տանգո պարողները Գյումրիի Աղասի Շաբոյանի պարային համույթի սաներն են եղել: Համլետ Հակոբյանը, ով հիմա ղեկավարում է պարային համույթը, վերհիշում է այս բակում նկարահանված դրվագը. – «Ֆրունզիկը ընձի տեսավ, ըսավ՝ «Աղասի», վարպետիս, ըսավ՝ «էս տղաներդ, աղջիկներդ սաղ տանգո պարել գիտե՞ն»: Ըսավ՝ «այ տղա, պարող է, պտի գիտենա»: Ու մենք կպարեինք էդ երաժշտության տակ, էդ որ ջուր ցփնեցին, էս, էն, ելանք վերև վար իջանք, ու մեծ բան էր մեզի համար»:

Թանգարան-կինոտան հիմնադիրներից է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ծնունդով գյումրեցի է: Նա կինոպաստառների հավաքածու է ունեցել, ու որոշել են, որ ցուցադրության համար ամենահարմար վայրը հենց կինոտունն է: Որոշ ցուցանմուշներ Ազգային արխիվից են վերցրել։ Ցուցանմուշների հարցում նաև բակի հարևաններն են օգնել:

«Ես ունեի հավաքածու՝ ի թիվս բազմաթիվ այլ հավաքածուների, հայկական ֆիլմերի ցուցապաստառների հավաքածու ունեի և շարունակաբար հավաքում եմ հայկական կինոյին վերաբերող ցանկացած նյութ: Եվ պարզվեց, որ հարևաններից մեկը ունի Սիրանուշի կարի մեքենան, իսկ Արթուր բարեկամները տվեցին Սիրանուշի այն պայուսակը, որով նա Ռուբենին բանտ էր տեսակցելու գնալու, դա արդեն էստեղ ցուցադրվում է: Դա էլ իր հուզականությունն ունի: Վերականգնեցինք հին ռադիոընդունիչ, որտեղից կհորդի սիրված ֆիլմերի երաժշտությունը», – պատմեց Դեմոյանը:

Կինոտանը նաև բացառիկ լուսանկարներ կան ֆիլմերի նկարահանումներից. – «Կտեսնեք՝ ինչպես է աշխատել լուսանկարիչը, ոչ թե կինոխցիկը, այլ՝ լուսանկարչական խցիկը: Ինչպես է օպերատորը աշխատում, ինչ դրվագներ են տարբեր կինոների»:

Դեմոյանը, ով Գյումրիի պատմական կենտրոնում մի քանի շենք էր ձեռք բերել ու դրանցից մեկում Հայուհու թանգարան բացել՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տանը, «Ազատության» հարցին՝ «թանգարան բացելը թա՞նկ հաճույք է», արձագանքեց. – «Եթե չկա պետական աջակցություն, իհարկե, դա թանկ հաճույք է դառնում: Իսկ պետական աջակցության կարելի է ակնկալել, կարելի է դիմել, արել ենք մենք երկու անգամ՝ չի բավարարվել այդ պետական դրամաշնորհային ծրագիրը»:

Կինոտունն ընդամենը երեք շաբաթում են բացել: Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ այն զբոսաշրջիկներին հնարավորության կտա ավելի շատ բան իմանալ փոքրիկ բակի մասին: Խորհրդային տարիներին հայկական կինոյի համար Գյումրին փոքրիկ Հոլիվուդ է եղել: