Պուտինի գործողությունների համար բոլոր ռուսներին պատասխանատվության ենթարկելն անարդյունավետ է․ Սպիտակ տունը

0
421

Բոլոր ռուսներին Վլադիմիր Պուտինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելը արդյունավետ միջոց չի համարում, հայտարարել է ԱՄՆ Սպիտակ տունը: Այս մասին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Վաշինգտոնը կարծում է, որ ՌԴ կառավարության անդամների, օլիգարխների և Ուկրաինա ներխուժման հետ անմիջականորեն կապված այլ անձանց համար ԵՄ և ԱՄՆ մուտքի անհատական արգելքները արդյունավետ միջոց են դարձել այդ երկրի նախագահ Պուտինի և նրա շրջապատի դեմ, ասել է Քիրբին:

Քիրբին ընդգծել է, որ Արևմուտքն այժմ չի կարող Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնել այնպես, կարծես ոչինչ չի եղել, սակայն հասարակ ռուսները չպետք է տուժեն դրա պատճառով։ «Սա չպետք է վերածվի պատերազմի բոլոր ռուսների դեմ»,- ասել է նա։

Ուկրաինայի պատերազմի սկսվելուց ի վեր արևմտյան որոշ երկրներ սկսել են մուտքի սահմանափակումներ մտցնել ռուս պաշտոնյաների, քաղաքական գործիչների և գործարարների համար։ ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Չեխիան և Լատվիան, դադարեցրել են զբոսաշրջային շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Ներխուժումը սկսելուց մի քանի ամիս անց ԵՄ որոշ երկրներ կոչ արեցին համաեվրոպական արգելք սահմանել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես կոչ է արել սահմանափակել ռուսների մուտքը Եվրամիություն։