Հայաստան են ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի ՏՏ մասնագետներ

0
523

Հայաստանում գրանցվել են ռուսական կապիտալով շուրջ 850 ընկերություններ եւ 350 անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ, 40 հազար իրավաբանական անձինք եւ ֆիզիկական անձինք մոտ 100 հազար հաշիվ են բացել հայաստանյան բանկերում: Այս տարի ավելի քան 2 հազար ռուսաստանցիներ Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել:

Հայաստան են ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի ՏՏ մասնագետներ։ Այս մասին RTVI-ի հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Որպես նոր բնակության եւ աշխատանքի վայր Հայաստանի  ընտրության հիմնական պատճառները, նախարարի կարծիքով, բարենպաստ բիզնես միջավայրն է, ՏՏ ոլորտի արագ զարգացումը, անվտանգությունը, լավ սնունդը, հյուրընկալությունը: Արդյունքում՝ Հայաստանում գրանցվել են ռուսական կապիտալով շուրջ 850 ընկերություններ եւ 350 անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ, 40 հազար իրավաբանական անձինք եւ ֆիզիկական անձինք մոտ 100 հազար հաշիվ են բացել հայաստանյան բանկերում:

Նա նաեւ հաղորդել է, որ Հայաստանի խոշորագույն հարկատու IT-ընկերությունների առաջատար 20-ում ընդգրկվել են Ռուսաստանի հետ կապված եւ վերջերս բացված մի քանի ընկերություններ: Մասնավորապես, այդ կապակցությամբ Քերոբյանը հատակել է TeamWork-ը՝ Հայաստանում Պերմի Miro ընկերության «դուստր»-ը, որը ստեղծել է թիմերի համատեղ աշխատանքի համանուն հարթակ; “DevSoft AM” – ը, որը մշակել է ծրագրային ապահովման մշակման գործիքներ եւ ինտերֆեյսի բաղադրիչներ DevExpress միջազգային մատակարարի համար; NVIDIA վիդեոքարտեր մշակող ամերիկյան ընկերությունը, որը դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում, գրասենյակ է բացել եւ հետազոտական կենտրոն կկառուցի Հայաստանում; “Յանդեքսը” հուլիսին գրասենյակ է բացել Երեւանում եւ ընդլայնում է աշխատակիցների հաստիքները Հայաստանում:

Միեւնույն ժամանակ Քերոբյանը նշել է, որ Հայաստանում բարձրակարգ եւ փորձառու մշակողների (senior engineer) սուր դեֆիցիտը փոխարինվել է նորեկների պակասով (junior): “Բայց այս խնդիրը հեշտությամբ լուծվում է բազմաթիվ վերապատրաստման ծրագրերով: Մենք տեսնում ենք, որ շատերը հեռանում են իրենց բանկային աշխատատեղերից կամ այլ ճյուղերից հենց ՏՏ, եւ այստեղ այդ թափուր աշխատատեղերն արագ փակվում են”, – հավելել է նա:

Նախարարը նշել է, որ Հայաստանը “չի փորձում ներգաղթողների համար ստեղծել “հարկային դրախտ”: “Եթե այս ամենը անկայուն է, դա կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան օգուտ: Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանի միջավայրն ու կյանքը մրցունակ լինի աշխարհի այլ տեխնոլոգիական կենտրոնների համեմատ”, – ասել է Քերոբյանը։ Նա ընդգծել է, որ ռուսաստանցիների ներհոսքը “մեծ օգուտ է բերում տնտեսության համար” եւ “էական ներդրում հասարակության զարգացման գործում”: Նախարարը հայտարարել է, որ պետությունը փորձում է լավ միջավայր ստեղծել այն մարդկանց համար, ովքեր, ընդհանուր առմամբ, հայտնվել են վատ իրավիճակում։ Մինչեւ այս բոլոր հայտնի իրադարձությունները, Քերոբյանի խոսքով, արդեն մշակվել է Երեւանը տաղանդավոր մարդկանց համար հնարավորությունների քաղաք դարձնելու ծրագիրը։ “Մենք գնում էինք այդ նպատակին, բայց այն, ինչ տեղի ունեցավ, արագացրեց գործընթացը”, – եզրափակել է նա:

Նշենք, որ, վիճակագրական տվյալների համաձայն, առաջին կիսամյակում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 3 770 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 2 319–ը՝ ժամանակավոր կարգավիճակ ունի, իսկ, համապատասխանաբար, 1 451-ը՝ մշտական կարգավիճակ: Ընդ որում, կացության կարգավիճակ ստացածների ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են՝ 1 059 մարդ (257-ժամանակավոր կարգավիճակ, 802՝ մշտական կարգավիճակ):