Հայաստանը նշում է Զմյուռնիայի կործանման 100-րդ տարելիցը

0
438

Հայաստանը նշում է
Զմյուռնիայի կործանման 100-րդ տարելիցը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» կազմակերպել է միջազգային եռօրյա գիտաժողով՝ նվիրված Զմյուռնիայի կործանման 100-րդ տարելիցին: Գիտաժողովը կրում է «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագիրը և տեղի կունենա սեպտեմբերի 14-16-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում:

Գիտաժողովի համակազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, «Խաչատուր Աբովյան» պետական մանկավարժական ինստիտուտը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Բեյրութի «Հայկազյան» համալսարանը և Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոնը:

Գիտաժողովին մասնակցում են ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, արվեստաբաններ, հոգեբաններ, իրավունքի մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Կանադայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից, Իտալիայից և Չեխիայից, որոնք հանդես կգան 42 գիտական զեկուցումներով:

Զմյուռնիայի հայերը, որոնք ակնառու ներդրում էին ունեցել քաղաքի ընդհանուր տնտեսական և մշակութային զարգացման գործում, հույների հետ կիսեցին բնաջնջման և բռնի տեղահանության ողբերգությունը:

Հիշատակենք, որ զմյուռնիահայությունը Օսմանյան կայսրության ամենաեվրոպականացված հայկական համայնքն էր՝ հայության հաղորդակցության պատուհանը Եվրոպայի հետ:

Փոքրասիական աղետը ցավալի հարված էր հայ ժողովրդի համար, դրանով հույների հետ միասին հայությունը ևս մեծ ցավ ապրեց, քանի որ հունական բանակի հաղթանակը քեմալականների նկատմամբ միակ երաշխիքը կարող էր դառնալ թուրքերի կողմից օկուպացված հայկական հողերի վրա հայկական անկախ պետության ստեղծման համար, որը նախատեսվում էր Սեւրի (10 օգոստոսի, 1920 թ.) պայմանագրով:

Հավելենք, որ հայ ժողովուրդը երախտապարտ է եղբայրական հույն ժողովրդին և չի մոռանում Փոքրասիական աղետից հետո տասնյակ հազարավոր փոքրասիացի հայ փախստականներին Հունաստանում ընդունելու և հյուրընկալելու փաստը:

«Հայաստան» հասարակական մշակությաին կենտրոն