Ադրբեջանի կազմակերպած սադրանքները Հունաստանում

0
663

Օրերս սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, երբ սալոնիկաբնակ հայերը նկատեցին՝ հանրային փոխադրամիջոցի վրա փակցված ադրբեջանակն գովազդը, որտեղ պատկերված էր Շուշին՝ հունարենով «Շուշա, Ադրբեջան» գրառմամբ։ Կայծակնային արագությամբ տարածվեց լուսանկարը, համարժեք մեկնաբանություններով ու պահանջներով դեպի Սալոնիկի հանրային տրանսպորտի կազմակերպություն, որոնք, իհարկե չմնացին միայն սոցիալական հարթակներում։ Համայնքային կազմակերպությունների, անհատների, հայ եւ հույն քաղաքացիների անմիջական միջամտության եւ Աթենքում ՀՀ դեսպանության աննախադեպ արագ արձագանքի շնորհիվ՝ հաշված ժամերի ընթացքում սադրիչ «գովազդը» անհետացավ փոխադրամիջոցի վրայից։
Նույնանման սադրանք հայտնաբերեցին հանրային տրանսպորտի մի քանի կանգառներում, այս անգամ այլ գովազդային կազմակերպությանը պատկանող վահանակի վրա։ Կրկին նույն արձագանքը եւ կրկին արագ գրանցված արդյունք՝ սադրիչ գովազդները հաջորդ իսկ օրը հանված էին։


Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը այս առնչությամբ Արմենպրեսին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ գործողություններ կարելի է սպասել ոչ միայն Հունաստանում, որտեղ ադրբեջանական փոքր համայնք կա, այլև այլ երկրներում ևս: «Ադրբեջանն ուղղակի փորձում է նման սադրիչ քայլերով որպես իրականություն ներկայացնել ու հավերժացնել ուժի կիրառման հետևանքով արձանագրված արդյունքները, մինչդեռ մենք հստակ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում: Դրա մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն էլ խոսել են: Ստացվում է՝ Ադրբեջանը նման մեթոդներով փորձում է մեկընդմիշտ «ֆիկսել», թե իբր Շուշին ադրբեջանական է, և չի կարող վերանայվել Շուշիի վերադարձ Լեռնային Ղարաբաղի կազմում: Բայց Լեռնային Ղարաբաղն ունի իր հստակ ադմինիստրատիվ սահմանները, և Շուշին, ինչպես նաև Հադրութը միանշանակ այդ սահմանների մեջ են: Շուշին և Հադրութն այս պահին օկուպացված են: Նման քայլերով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ հարցը փակված է: Ադրբեջանը գնում է ընդդեմ բանակցային գործընթացի տրամաբանության: Այս քայլը ես դիտարկում եմ որպես սադրանք՝ հատկապես այնպիսի բարեկամական երկրում, ինչպիսին Հունաստանն է, որի իշխանությունները մեկ անգամ չէ, որ համերաշխություն են հայտել ՀՀ դիրքորոշումներին համահունչ: Նման սադրիչ քայլով փորձում են ինչ-որ լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- եզրափակել էր Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Հունական polititspress լրատվամիջոցը անդրադառնալով այս սադրանքներին հրապարակել էր Հունաստանում Ադրբեջանի դեսպանի ֆեյսբուքյան գրառումը, որն ուղեկցվում էր այդ “գովազդի” լուսանկարով. «Այս լուսանկարը ստացել եմ իմ սիրելի ընկեր, “GALA” Հունաստան-Ադրբեջան բարեկամություն կազմակերպության ղեկավար Ռաշիդ Մամադովից։ Վաղվանից բոլորը Սալոնիկի փողոցներում տեսնելու են այս փոխադրամիջոցը, բոլո՛րը։ Կոտրու՛մ ենք հայերին՝ հոգեբանորեն։»


Ադրբեջանի այսպիսի քաղաքականությունը զարմանալի չէ, քանզի այն որեւէ կերպ կոծկված չէր՝ նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ։ Նրանց սադրիչ եւ նենգափոխված տեղեկատվական հնարքների արդյունքներ կարելի է գտնել ամենուր․ այս օրինակներից է թերեւս սույն թվականի մայիսին, հունական՝ volospress առցանց հարթակում հրապապարակված՝ «Ադրբեջանի Ժողովրդավարական ​​Հանրապետություն. առաջին ժողովրդավարական, խորհրդարանական և աշխարհիկ պետությունը մահմեդական աշխարհում» վերնագրով ակնհայտորեն սադրիչ հոդվածը՝ կից քարտեզով, որտեղ Արցախը եւ ՀՀ տարածքի մեծ մասը ներկայացվում է այդ «ժողովրդավարական պետության» կազմում։
fake_map
Այս կարգի սադրանքները՝ իհարկե, սովորական են դարձել, բայց կարիք կա սրանց ոչ միայն համարժեք արձագանք տալ, այլ ակտիվորեն ներկայացնել պատմական եւ ներկայիս իրողությունները հույն՝ բարեկամ ժողովրդին։