Դեսպան Մկրտչյանի խոսքը «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով միջոցառման ընթացքին

0
539
Մայիսի 31-ին Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում տեղի է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին նվիրված «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսություն: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Կից ներկայացնում ենք դեսպան Մկրտչյանի խոսքն ամբողջությամբ:
Հոգևոր հայրեր, Ձերդ գերազանցություններ,
Հարգելի հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվող Փոքրասիական աղետին` Զմյուռնիայի 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումների շարքից այսօրվա մեր միջոցառումը տարբերվում է մնացած միջոցառումներից: Դրա պատճառն այն է, որ նախ, այսօրվա գլխավոր բանախոսը ժամանել է Հայաստանից՝ հանձին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, Զմյուռնիայի աղետի ուսումնասիրությունների մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանի: Եվ երկրորդ, դասախոսության թեման՝ «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները», նույնպես եզակի է, քանի որ խոսքը գնում է մինչ այժմ չհրապարակված և մեծ արժեք ներկայացնող հայերի վկայությունների մասին, որոնք կարևորություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հունաստանի պատմության համար: Խոսքը գնում է ինչպես 1922 թվականից առաջ, այնպես էլ 1922 թվականի և դրանից հետո Զմյուռնիայի քրիստոնյա բնակչության` հայերի և հույների ճակատագրերի, ընդհանուր պատկերի և զարգացումների մասին:
Օնիկ Ղազերյանի «Կենսագրական նոթերը» և Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» մեզ տալիս են կարևոր տեղեկություն Զմյուռնիայի հայերի և հույների խաղաղ կյանքից, առօրյայից, այդ քրիստոնյա քաղաքի անցուդարձից, բայց նաև տեղեկացնում` հայերի և հույների նկատմամբ ատելություն սերմանելու, զանգվածային բռնությունների, ծրագրված սպանությունների, բռնի տեղահանության և քաղաքի մահմեդականացման վերաբերյալ։ Նրանց պատմությունները միահյուսվում են` ներկայացնելով հայերի և հույների ցեղասպանության ընդհանուր ու ամբողջական պատկերը, ցեղասպան քաղաքականություն, որը սկիզբ առավ 1894 թ ջարդերով և մի քանի փուլերով, շարունակություն ստացավ 20-րդ դարում:
Հարկ է արձանագրել, որ պրն. Բարթիկյանի հիշողությունները չափազանց կարևոր են հայերի և հույների ցեղասպանության ուսումնասիրության տեսանկյունից, քանի որ ականատեսը մանրակրկիտ ճշգրտությամբ ներկայացնում է արձանագրված իրադարձությունները՝ Զմյուռնիայի աղետը և իր ընտանիքի դեգերումները մինչև Խորհրդային Հայաստանում հաստատվելը:
Իր հերթին Օնիկ Ղազերյանն իր ընտանիքի պատմության օրինակով մեզ է փոխանցում 1922 թվականի սեպտեմբերին նախորդած փորձությունները, հայ ընտանիքի բարքերը, մարտահրավերները:
Ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ ցանկանում են ընդգծել այսօրվա միջոցառման կարևորությունն ու առանձնահատկությունը, շնորհակալություն հայտնել տկն. Թեհմինե Մարտոյանին այսօրվա դասախոսության և նրա գործունեության համար` հույս հայտնելով, որ կհաջողվի նաև հունարեն թարգմանաբար ներկայացնել այս հուշերը` այն հասանելի դարձնելով նաև Հունաստանի լայն շրջանակների համար:
Կրկին շնորհակալ եմ բոլորին ներկա գտնվելու համար և Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությանը մեզ հետ միասին այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար: