Աթենքի թերթերի խմբագիրների միությունում կայացավ փոքրասիական աղետի 100-ամյակին նվիրված միջոցառում

0
619
Աթենքի թերթերի խմբագիրների միության շենքում երեկ մայիսի 31-ին տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից ևս մեկ միջոցառում:
Միջոցառման գլխավոր բանախոս` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, Զմյուռնիայի աղետի ուսումնասիրությունների մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը հանդես եկավ «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսությամբ:
Միջոցառմանը ներկա էին Աթենքի թերթերի խմբագիրների միության անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Աթենքի թերթերի խմբագիրների միության նախագահ տիկին Մարիա Անդոնիադուն:
Ներկաներին ողջունեց ու ելույթով (https://bit.ly/3m8IjP6) հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանը:
Անդրադառնալով միջոցառմանը դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվող փոքրասիական աղետին` Զմյուռնիայի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից ս.թ. մայիսի 31-ի միջոցառումը տարբերվում է մնացած միջոցառումներից, քանի որ միջոցառման գլխավոր բանախոսը ժամանել է Հայաստանից՝ հանձին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, պատմական գիտությունների թեկնածու տիկին Թեհմինե Մարտոյանի: Դեսպան Մկրտչյանը կարևորեց նաև դասախոսության թեման՝ «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները», բնութագրելով այն որպես եզակի: Դեսպանն ընդգծեց, որ խոսքը գնում է մինչ այժմ չհրապարակված և մեծ արժեք ներկայացնող հայերի վկայությունների մասին՝ նշելով, որ այդ վկայությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հունաստանի պատմության համար: Դեսպանն արձանագրեց, որ խոսքը գնում է ինչպես 1922 թվականից առաջ, այնպես էլ 1922 թվականի և դրանից հետո Զմյուռնիայի քրիստոնյա բնակչության` հայերի և հույների ճակատագրերի, ընդհանուր պատկերի և զարգացումների մասին:
Անդրադառնալով դասախոսությունում ներկայացված վկայություններին, հուշերին, ապա դեսպան Մկրտչյանը նշեց, որ Օնիկ Ղազերյանի «Կենսագրական նոթերը» և Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» կարևոր տեղեկություն են տալիս Զմյուռնիայի հայերի և հույների խաղաղ կյանքից, առօրյայից, այդ քրիստոնյա քաղաքի անցուդարձից, բայց նաև տեղեկացնում` հայերի և հույների նկատմամբ ատելություն սերմանելու, զանգվածային բռնությունների, ծրագրված սպանությունների, բռնի տեղահանության և քաղաքի մահմեդականացման վերաբերյալ։
Ավարտելով իր խոսքը դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ կհաջողվի նաև հունարեն թարգմանաբար ներկայացնել այդ հուշերը` այն հասանելի դարձնելով նաև Հունաստանի լայն շրջանակների համար:
Միջոցառման հիմնական ելույթով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի ավագ գիտաշխատող տիկին Թեհմինե Մարտոյանը: Իր խոսքում տիկին Մարտոյանը նշեց, որ դասախոսությունում ներկայացված և դեռևս չհրապարակված վկայությունների, հուշերի օգնությամբ փորձ է արվում վերականգնելու հայերի և հույների բռնի տեղահանությունների, հայերի և հույների բնաջնջման ընդհանուր գործընթացի մասին գիտելիքները:
Նա նշեց, որ վկաների պատմությունները, հուշերը չափազանց մեծ դերակատարություն ունեն լույս սփռելու տեղի ունեցածի վրա, ինչպես նաև անգնահատելի աղբյուր են հանդիսանում յուրաքանչուր գիտնականի համար, իսկ անհատի անձնական հույզերի բացահայտումը և վերլուծությունը նպաստում են մի ամբողջ ազգի հավաքական վերքը բուժելու ուղիներ գտնելու և հասկանալու` միմյանց հետ կիսվելու միջոցով: Հուշերի հեղինակների միկրոպատմությունները միահյուսվում են հայ և հույն ժողովուրդների ցեղասպանությունների մակրոպատմությունների հետ:
Միջոցառումը համակարգեց Աթենքի թերթերի խմբագիրների միության կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, լրագրող պարոն Գրիգոր Ցակիձյանը:
Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն։