ՀՀ ԱԳ նախկին նախարարը արձագանքել է Չավուշօղլուի ռասիստական քայլին․ «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. հարգանք ինքնե՛րդ ձեզ»

0
484

Մնացականյանը հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական։ «Թվիթեր»-ում նման գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից» գրել է նա։

Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։

Նա հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Սա մրցում չէ «լավագույն ցեղասպանության» համար։ Քանի դեռ դուք ժխտում եք այլ ժողովուրդների ողբերգությունը, արդարության ու ճշմարտության մասին ձեր զգացմունքները դատարկ են»,- «Թվիթեր»-ում գրել է Մնացականյանը։

Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին վանկարկել. «Մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։