Փաշինյանը Միշելի հետ հանդիպմանն անհրաժեշտ է համարել Արցախում իրավիճակի շուրջ միջազգային հանրության հասցեական արձագանքը

0
412

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը և երկխոսության շարունակականությունը:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

«Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը: